02/08/2012 18:30
«Հարսնաքարի» գործով մեղադրանքը վերաորակավորվել է
ՀՀ ոստիկանությունը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում զինվորական բժիշկներին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձանց առաջադրված մեղադրանքները վերաորակավորել և խստացրել է` կապված Վահե Ավետյանի մահվան հետ: Նշենք, որ նախկինում կալանավորված անձանց մեղադրում էին միայն Քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:
Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը), Aysor.am -ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր 6 կալանավորվածներին:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր: