11/08/2012 09:27
Սիրիայի ու Հորդանանի սահմանագծին բախում է եղել
Սիրիայի և Հորդանան զինվորականները երկու երկրների սահմանագծին այս գիշեր իրար դեմ մարտական գործողություններ են վարել։ Այս մասին տեղեկացնում է Ռոյթերզ (Reuters) գործակալությունը։
Ականատեսների խոսքերով մարտը սկսվել է այն բանից հետո, երբ մի խումբ սիրիացիներ փորձել են անցնել Հորդանան։
Հորդանանի իշխանությունները հաստատել են տեղի ունեցածը և նշել, որ բախման արդյունքում իրենց կողմից զոհեր չկան։
Սիրիական իշխանությունները չեն ցանկացել մեկնաբանել տեղի ունեցածը։
Նշենք որ դեռևս 2011թ. երբ ծայր առավ սիրիական հակամարտությունը, Թուրքիան և Լիբանանը սիրիացի փախստականների համար բացել էին իրենց սահմանները։
Սակայն Սիրիային սահմանակից Հորդանանը և Իրաքը այդ բանն արեցին միայն 2012թ. հուլիսին։ Մինչ այդ սիրիացիներն այդ երկրի տարածք էին անցնում անլեգալ ճանապարհով։
Վերջերս Հորդանանի իշխանությունները հայտարարեցին, որ իրենց երկիր է տեղափոխվել 120 հազար սիրացի։