14/08/2012 11:43
Փաստաբանը միջնորդել է, որ Հայրապետյանին ներգրավեն որպես կասկածյալ
«Հարսնաքարի» գործով Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը միջնորդություն են ներկայացրել` գործում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին։
Տիգրան Եգորյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ դա հնարավորություն կտա մի շարք գործողություններ անել, այդ թվում նաև նրա հեռախոսների վերծանություն կատարել:
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը այս պահին գործում ներգրավված է որպես վկա, ինչը նրա հեռախոսազրույցները վերծանելու հնարավորություն չի տալիս:
Փաստաբանի խոսքով, Ռ.Հայրապետյանն առնվազն տեղակ է եղել «Հարսնաքար»–ում այդ օրը կատարվածից:
Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում դաժան ծեծի են ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը հունիսի 29-ին գիտակցության չգալով, մահացել է: