01/09/2012 11:48
Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է
«Արցախի Հանրապետությունը կայացած է ինստիտուցիոնալ առումով՝ բոլոր չափորոշիչներով տարածաշրջանում ցույց է տալիս ժողովրդավարական լավագույն ավանդույթները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա, Արցախը ցույց է տալիս, որ իրենք կարողանում են պահպանել իրենց անկախությունը՝ իրենց ազգային հողի վրա, ազգային կոդերին համապատասխան:
Շիրինյանը նշեց, որ հայ ժողովրդի համար ամենակարևոր ձեռքբերումներից է հայկական բանակի կայացումը և Արցախը միշտ էլ բարձր որակավորման զինվորականներ, մարտիկներ է տվել, ինչպես նաև գիտության ներկայացուցիչներ՝ Մոսկվայում աշխատում են արցախյան ծագում ունեցող բազմաթիվ գիտնականներ, բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականներ:
Քաղաքագետը ասաց, որ տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հավասար սկզբունքներ չեն՝ առաջնայինը ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքն է, որն ավելի գերակա է:
Բանախոսը ասաց, որ արցախահայությունը իրավունք ունի ստեղծել իր ազգային պետությունը իր պատմական հողերի վրա:
Նա ասաց, որ պետք է տարածել Վիլսոնի գաղափարները ժողովուրդների ազատ ինքոնորոշման սկզբունքների հետ կապված, ինչը շատ կարևոր է և արդիական նաև արցախյան հարցի լուծման տեսանկյունից: