25/09/2012 11:11
40 տոկոսով կբարձրացվի ՀՊՄՀ դասախոսների աշխատավարձը
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:
Քննարկվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվետվությունը ՀՊՄՀ-ում իրականացրած փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների վերաբերյալ:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանը, որը հաջողությամբ է իրականացնում իր բարեփոխումները, դառնա Հայաստանի առաջատար բուհերից մեկը: Երկրում այսօր իրականացնում ենք բուհական կրթության բարելավման բարեփոխումներ և հասկանալի է, որ առաջին հատվածում պետք է լինեն ուսուցիչները: Դա նշանակում է, որ մանկավարժական համալսարանը պետք է կարողանա ամբողջ կրթական ոլորտին ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնք կկարողանան արմատական փոփոխություններ իրականացնել մեր կրթական համակարգում:
Եթե մենք կարողանանք մեր նպատակներին հասնել, ապա երկրում որակական նոր փոփոխություն կլինի՝ շնորհիվ այն ուսուցիչների, որոնց դուք եք պատրաստելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը, ըստ աղբյուրի, հանձնարարել է իրականացնել բարեփոխումների փուլային և ժամանակացուցային թիրախավորում և ժամանակ առ ժամանակ քննարկել դրանց կատարման ընթացքը:
Վարչապետի խոսքով՝ այսօր մանկավարժական համալսարանը հնարավորություն ունի համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ստանալ տեխնիկական օժանդակություն, ուստի պետք է օգտագործի իր միջոցները՝ բարձր չափանիշների որակավորում ունեցող շրջանավարտներ պատրաստելու համար:
Հանձնարարականի կապակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի շուրջ 900 պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձը կբարձրացվի ևս 40 տոկոսով:
Ուսանողական հանրակացարանների կառուցման վերաբերյալ հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում, որն արժանացել է Ազգային ժողովի հավանությանը, այս դրույթը ներառված է: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այժմ աշխատում է հստակ ծրագիր մշակելու ուղղությամբ: