28/09/2012 16:07
ՀԱԿ ակտիվիստների գործով դատը հետաձգվեց
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով առաջին դատական նիստը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ: Պատճառը պաշտպան Ստեփան Ոսկանյանի ծանրաբեռնվածությունն էր:
Դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 11, ժամը 13.00-ին:
Նիստի ընթացքում պաշտպան Վահե Գրիգորյանը դատարանին ներկայացրեց իրենց բողոքը, որով նա պահանջում է ամբողջությամբ բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կողմից կայացրած դատավճիռը, և արդարացնել Տ. Առաքելյանին` հանցակազմի բացակայության պատճառով:
Պաշտպան Ստեփան Ոսկանյանը ևս միջնորդեց ամբողջությամբ բավարարել սույն բողոքը, քանի որ պաշտպանյալների նկատմամբ հաշվի չեն առնվել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ:
Հաջորդ դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը պետք է ներկայացնի իրենց կողմի դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյան` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: