12/11/2012 15:34
Վ. Խաչիկյանի փաստաբանը ծանոթացել է գործի նյութերի միայն մի մասին
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ինքը արդեն ծանոթացել է գործի` իրեն տրամադրված նյութերին, սակայն դա բոլոր նյութերի միայն փոքր մասն է կազմում:
«Ես ինձ տրամադրված նյութերին հանգամանորեն ծանոթացել եմ, սակայն դեռևս նախաքննություն է ընթանում, և գործի նյութերին ամբողջությամբ հնարավոր է ծանթանալ նախաքննության փուլի ավարտից հետո»,-ասաց նա, հավելելով, որ առայժմ չի պատրաստվում որևէ միջնորդություն ներկայացնել: Նրա խոսքով, Վ.Խաչիկյանի հետ հանդիպել է մեկ շաբաթ առաջ, և նրա վիճակը «նորմալ է»:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
ՀՀ դատախազությունից ավելի վաղ հայտնել էին, որ ընդհանուր առմամբ մեղադրանքներ են առաջադրվել 42 անձի, որոնցից 12-ի վերաբերյալ երեք քրեական գործ ուղարկվել է դատարան և կայացվել են մեղադրական դատավճիռներ: Մեղադրյալներից 1-ը գտնվում է հետախուզման մեջ, 10-ի նկատմամբ որպես խափանաման միջոց կիրառվել է կալանավորում, 1-ը ձերբակալվել է, իսկ 18-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
42 մեղադրյալի կատարած հանցագործությամբ պետությանը պատճառված 327.441.206 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 51.533.305 ՀՀ դրամը:
Դատարան ուղարկված գործերով պետությանը պատճառված 14.556.174 դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 12.227.369 դրամը:
2012 թ. սեպտեմբերի 28-ին 42 մեղադրյալների, այդ թվում՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով, վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով, վճարումների ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Նույն օրը Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի և Հովհաննես Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 2012 թ. սեպտեմբերի 29-ին Վիգեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարանի քննարկմանը:
Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար: