13/11/2012 12:32
«Ա-մոթ-ա-մոթ» բողոքի ակցիա` ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց
Այս պահին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց անցկացվում է ՀԱԿ ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք «ա-մոթ-ա-մոթ» բացականչություններով ընդունեցին ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը: Հայտարարվեց, որ այս շաբաթ օրը Խնկո Ապոր գրադարանի դիմաց կմեկնարկի ազատության քայլերթ` ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճռի դեմ:
Նշենք, որ քիչ առաջ հրապարակվեց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավճիռը: Դատարանի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռն անփոփոխ թողնվեց, որով ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյան` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է: