20/11/2012 14:35
Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է
Այսօր ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանը։
Երգչուհին մահացել է լեղապարկի վիրահատության ժամանակ։
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Ֆ.Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, որ երգչուհին նոր է վիրահատվել և այդ պատճառով նրա առաջիկա համերգը հետաձգվել է:
Aysor.am-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է երգչուհու ընտանիքին և ողջ հայ ազգին` անդառնալի կորստի համար։
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում: 1973թ.-ից սկսել է հանդես գալ «Հանրապետական» ռադիոյով և հեռուստատեսությամբ:
1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր է: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ և Բրբենկ քաղաքներում հիմնել է «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:
2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և այլ երկրներից:
2007թ.-ին հիմնել է «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու համար:
2011թ.-ի Նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցեցին` Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար: