05/12/2012 17:31
Օգնենք Նարեկին ապրել, ու մեզ` մարդ մնալ
Նարեկը 6 տարեկան է. Խոսել սկսել է 4 տարեկանում: Բոլոր տարեկիցների նման ցանկանում է ֆուտբոլիստ դառնալ, ծնողներն էլ անում հնարավոր ամեն բան, որ փոքրիկի երազանքն իրականանա: Վերջին շրջանում, սակայն, Նարեկը հիմնականում տանն է լինում, բակ հազվադեպ է իջնում, հիվանդ է` արյան քաղցկեղ ունի: Նրան ուղղակի օգնություն է պետք:
Նարեկի հայրը` Արայիկ Մարտիրոսյանը պատմում է, որ որդին շատ ակտիվ է, սիրում է մարդկանց, բայց նրա շփումները հնարավորինս սահմանափակում են. «Բոլորին է հայտնի, որ հիվանդությունն այնպիսին է, որ ցանկացած վիրուս կարող է մեկ այլ սրացում առաջացնել, այդ պատճառով բոլոր հնարավոր տարբերակներով պայմաններ ենք ստեղծվել տանը, որպեսզի նա չնեղվի` բոլոր մյուս երեխաների պես չի կարող բակում խաղալ….»,- պատմում է Արայիկը:
Տանը փակված լինելն անդրադառնում է նաև երեխայի հոգեկան աշխարհի վրա. «Նարեկիս ներաշխարհը դարձել է փակված, և հաճախ նույնիսկ ընտանիքի մյուս անդամների հարցերին չի պատասխանում` պատճառաբանելով, որ իրեն բակ չեն թողնում, ինքն էլ չի ցանկանում շփվել… երեխայի միամտություն»:
6-ամյա Նարեկի հայրը չի ցանկանում հավատալ բժիշկների պատճառաբանությանը, որ հիվանդությունն առաջանում է սթրեսներից և վախից. «Նարեկս վեց տարվա կյանք ունի, այսքան ժամանակ չեմ տեսել մի բան, որից կվախենար Նարեկը…. Նույնիսկ նրա քույրերը, որ որդուցս մեծ են տարիքով, վախենում են մթությունից, ու Նարեկս է նրանց քաջալերում….»
Նարեկը գիտի հիվանդության հետ կապված բոլոր եզրույթները, նույնիսկ հասկանում է, թե հաջորդ անգամ հիվանդանոցում ինչ պրոցեդուրայի է ենթարկվելու. «Ցավում եմ, որ Նարեկս, կարծես, հիվանդանոցում է մեծանում, սպիտակ պատերի ներքո…»
2009-ին Նարեկն անցել է բուժման մի կուրս, սակայն հիվանդությունը կրկնվել է: Մոսկվայում բժշկական զննությունից հետո ռուս մասնագետները նշանակել են անհապաղ ոսկրածուծի փոխպատվաստում, վիրահատությունն արժե 120-130 հազար եվրո: Գումար գտնելու հույսով մի շարք անհատներ համախմբել են Նարեկի կյանքը փրկելու համար` «Դու հաստատ կապրես» կարգախոսով, որի հիման վրա էլ ստեղծվել է «Դու հաստատ կապրես» երգը, որը գործիքավորել է Դեր Հովան, խոսքերը գրել է Տարոն Կոխլիկյանը:
Նարեկի հայրն ասաց, որ որոշակի գումար հավաքվել էր, սակայն դրա մի մասը ծախսվել է օրեր առաջ, երբ մեկնել են Մոսկվա` հերթական հետազոտության համար: Նա սկսեց թվարկել այն մարդկանց, կառույցներին, որոնք օգնել են` այդ թվում առողջապահության նախարարությունը, «Նվիրիր կյանք», «Օգնենք» հիմնադրամները…. Քաղաքական գործիչներից էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել…. «Այժմ արդեն անհրաժեշտ է վիրահատության համար գումար, ու մեր հույսը դուք եք…»:
Երգի գործիքավորող Դեր Հովան էլ ասաց, որ երբ նկարահանումների ժամանակ ծանոթացավ երեխայի հետ, նրա պայծառությունն իրեն ավելի ոգևորեց: Նա կոչ արեց օգնել երեխային` հույս հայտնելով, որ մինչև Նոր տարի ինչ-որ արդյունքի հասած կլինեն:
Մինչ յուրաքանչյուրս փնտրում ենք ամանօրյա նվերներ, Նարեկի համար ամանորյա ամենամեծ նվերը կարող է լինել հենց կյանքը:
Նարեկին աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին`
ՎՏԲ Հայաստան Բանկ.
16 07 60 08 83 79 04/ARM
16 07 60 08 83 79 05/ USD
16 07 60 08 83 79 06/EUR
16 07 60 08 83 79 07/RUS