14/12/2012 11:10
Այսօր կկայանա Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի ընտրությունը
Այսօր Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի կունենա մրցույթ` քոլեջի տնօրենի թափուր հաստիքի համար: Քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մինչև արդյունքների ամփոփումը չի ցանկանում խոսել իր շանսերի մասին:
Ա.Մնացականյանը նշեց, որ ժամանակին ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Նրա հետ միասին այդ հաստիքի համար առաջադրվել են քոլեջի աշխատակից, նկարիչ Դավիթ Դավթյանը և Արմեն Հարությունյանը:
Ավելի վաղ տարածված հաղորդագրության համաձայն, ժամը 12:00-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները քոլեջի մասնաշենքի դիմաց, անարդար որոշման դեպքում, կբարձրացնեն իրենց բողոքի ձայնը:
Նշենք, որ Փ. Թերլեմեզյանի ուսանողները, այնպես էլ դասախոսները երկու մասի են բաժանվել, մեկը պաշտպանում է Ա. Մնացականյանին, մյուս կողմը` Դավիթ Դավթյանին: Տնօրենի թափուր պաշտոնի շուրջ այս աղմուկը սկսվեց այն բանից հետո, երբ քոլեջի նախկին տնօրեն, գրող Ալվարդ Պետրոսյանի որդին` Նարեկ Առուշանյանը, ծանր հիվանդության հետևանքով մահացավ ու նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գևորգ Սողոմոնյանը, այնուհետև` Նարեկ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը: