14/12/2012 19:18
Թերլեմեզյանի քոլեջի ընտրություներում հաղթել է 2 թեկնածու
Այսօր Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում կայացել է քոլեջի տնօրենի ընտրության մրցույթ, որի արդյունքում հաղթել են երկու թեկնածուներ`տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը և Արմեն Հարությունյանը: Այս դեպքում վերջնական որոշումը պետք է կայացնի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ա. Մնացականյանի թեկնածության ընտրության դեմ ձևավորված խմբի նախաձեռնող անդամ Սամվել Ավետիսյանի խոսքով, բոլորի համար էլ հաղթող է Ա. Հարությունյանը: «Որևէ հարց չի եղել, որին Ա.Հարությունյանը չի պատասախանել, երևի հանձնարարություն է եղել, որ նրան դեմ քվեարկեն: Նախարարը պետք է որոշի, թե ով է հաղթել, և Ա. Մնացականյանի հաղթելու դեպքում՝ մենք վարչական վարույթ կսկսենք այդ որոշման դեմ: Ուսանողներն ուզում են դասադուլ անցկացնել, այսօր հանդիպելու ենք, քննարկելու և որոշելու, որոնք են լինելու մեր հետագա քայլերը»,- Aysor.am-ի թղթակցին ասաց նա:
Աննա Մնացականյանի խոսքով՝ նախաձեռնող խումբը շատ երկար ժամանակ է ունեցել դասադուլ անցկացնելու համար: «Այդ նախաձեռնող խումբը հայտնել է, որ իրենց 300 ուսանող է զորավիգ լինում, այդ դեքպում իրենք մինչև այժմ կարող էին այդ ակցիան և դասադուլը կազմակերպել, եթե իրոք ցանկանում էին: Մրցույթը բարդ էր, անցելը հեշտ չէր, որովհետև ծանր նյութ էր, իսկ ամենահաճելին զարգացման ծրագրի ներկայացումն էր»,- ասաց նա:
Նրա խոսքով, եթե դիմեն դատարան, ինքը կօգտվի իրեն պաշտպանելու սահմանադրական իրավունքից, իսկ քննության ողջ ընթացքը բաց է եղել, մրցույթը ևս, և բազմաթիվ լրագրողներ են ներկա եղել, որոնք էլ տեսաձայանգրել են քննության ողջ ընթացքը:
Արմեն Հարությունյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ իր համար անհասկանալի էր, թե ինչու են իրեն դեմ քվերակել 3 հոգի, սակայն ոչ անսպասելի: «Եթե գրավորից առավելագույնը ևս եմ ստացել`100 միավոր, բանավորից էլ որևէ հարց չի եղել, որ չպատասխանեմ, այդ դեպքում անհասկանալի է, ինչու են 3 հոգի դեմ եղել: Անզեն աչքով երևում է, որ դա կազմակերպված գործ էր: Ես 8 կողմ ունեմ և հաղթողների մեջ եմ, գոհ եմ, որ գոնե այդ 8-ն էլ կողմ են քվեարկել: Երևի իմ մրցակցությունից շատ են անհանգստացել, և դեմ քվերակողներն էլ քոլեջի աշխատակիցներ են եղել: Եթե աշխարհում օբյեկտիվություն լինի, լավ կլինի: Ես 20 տարի այդ բնագավառում եմ, վաղն էլ նորից կարող եմ գնալ քննություն հանձնել, բայց չեմ կարծում, որ ես կընտրվեմ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Բողոքի ակցիա` Թերլեմեզյանի դիմաց
Այսօր կկայանա Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի ընտրությունը