17/12/2012 15:42
20 դատավորի վերաբերյալ դիմել են ԴՆԽ էթիկայի հանձնաժողովներին
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից 2012 թ. ընթացքում կատարված դատական գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (ժամկետը երկարացնելու) վերաբերյալ թեմաներով ամփոփման արդյունքներով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները, 20 դատավորի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Այդ մասին «Փաստինֆո» գործակալությունը տեղեկացավ ՀՀ դատական դեպարտամենտի կայքից, ըստ որի՝ վճռաբեկ դատարանի նախագահի այդ քայլը նպատակ ունի օրենքով սահմանված կարգով պարզել դատավորի վարքագծի կանոնների խախտման առկայության հարցը:
Ըստ նույն աղբյուրի՝ հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջները և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը 2 դատավորի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցն օրենքով սահմանված կարգով քննարկելու համար, որի քննության արդյունքներով երկու դատավորի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջներով, կազմակերպել է 6 դատավորների մասնակցությամբ համապատասխան քննարկում, որի արդյունքներով 3 դատավորի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի /քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից/ խախտում արձանագրելով, դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ: