18/12/2012 16:00
«Մատաղիսի գործով» արդարացման դատավճիռ կայացվեց
«Մատաղիսի գործով» արդարացման դատավճիռ կայացվեց: Քիչ առաջ նման որոշում է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ տղաների անմեղությունը կասկածի տեղիք չէր տալիս, միակ հարցը, ըստ փաստաբանի, այն էր, թե արդյոք դատարանը կգնա՞ այդ քայլին:
«Մարդ չմնաց՝ չհամոզվեր, որ մեղադրանքը շինծու է: Մտավախություն ունեինք՝ արդյոք դատարանը կգնա՞ դատախազության դիրոքորոշմանը հակառակ, թե՝ ոչ: Դատավարությանը հետևող զանգվածը համոզված էր, որ տղաները անմեղ են, հարցը նրանում էր՝ դատարանը կգնա այդ քայլին, թե ոչ: Ի ուրախություն մեզ, դատարանը կարողացավ ստանձնել այդ պատասխանատվությունը և վերականգնել արդարությունը»,- ասաց Ալումյան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին մեղադրող կողմը միջնորդել էր վերսկսել դատական քննությունը, քանի որ որոշում էր կայացրել՝ մեղադրանքները փոփոխելու մասին:
Որոշումների մեջ նշվել է, որ դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալները կատարել են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով հանցագործություն: