19/12/2012 17:37
ՄԻ ՎԻՐԱՎՈՐԵՔ ԼՐԱԳՐՈՂԻՆ. Մեր պահանջն է
Լրագրողները Facebook սոցիալական ցանցում «Լրագրողների նամակ-պահանջը Հովիկ Աբրահամյանին» անունով խումբ են ստեղծել, որտեղ ԱԺ նախագահից պահանջում են քաղաքական գնահատական տալ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) պահվածքին, նկատողություն հայտարարել և պարտադրել պատգամավորին հրապարակային ներողություն խնդրել լրագրողից:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում Մ. Սեդրակյանը, դեռ չլսած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հարցը, ասել է. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: (Ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):
«Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն:
Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»,- ասված է խմբում տարածած հաղորդագրության մեջ: