22/12/2012 09:29
Գևորգ Վարդանյան. Խորհրդային հետախուզության չմարող աստղ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդային հռչակավոր հետախույզ Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թ.-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում և 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել Իրան:
Հայրը` Անդրեյ Վարդանյանը, համագործակցում էր խորհրդային արտաքին հետախուզության հետ, և Իրան էր տեղափոխվել հետախուզության հրահանգով:
Հենց հոր գործունեությունն էլ որոշիչ նշանակություն ունեցավ Գևորգ Վարդանյանի նասնագիտության ընտրության հարցում:
Երիտասարդ Գևորգն իր ճակատագիրը կապեց խորհրդային հետախուզական ծառայությունների հետ ընդամենը 16 տարեկան հասակում`1940 թ.-ին, երբ կատարելով հետախուզության հանձնարարությունը սկսեց հայտնաբերել Թեհրանում ֆաշիստական լրտեսներին և գերմանական հետախուզական ծառայության գործակալներին:
Երկու տարվա ընթացքում նրա գլխավորած հատուկ խումբը հայտնաբերել է մոտ 400 մարդու, ով այս կամ այն ձևով համագործակցում էր գերմանական հետախության հետ:
Վարդանյանին խորհրդային հետախուզությունը տվել էր Ամիր օպերատիվ կեղծանունը:
Ամիրին վիճակված էր հատուկ դեր կատարել Թեհրանում 1943 թ.-ին մեծ եռյակի` Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի հանդիպման անվտանգությունը ապահովելու և նախատեսվող մահափորձը խափանելու գործում:
1951թ.-ին Վարդանյանը Իրանից տեղափոխվում է Երևան և ավարտում Երևանի պետական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը:
Ուսման ավարտին հաջորդել է երկարատև անլեգալ հետախույզի աշխատանքը աշխարհի տարբեր երկրներում, որտեղ Ամիրին հետևում էր նրա կինը` Գոհար Վարդանյանը, ով նույնպես հետախուզության աշխատակից էր:
Վարդանյանը հաճախ ասում էր, որ իրեն շնորհված հերոսի աստղի հինգ թևերից երեքը պատկանում էր Գոհարին և ինքը իր հաջողություններով մեծամասամբ պարտական է իր կնոջը:
Վարդանյան ամուսնական զույգի հետախուզական գործունեությունը տևել է 30 տարի. զույգի գործունեության հիմնական մասը շարունակում է մնալ գերգաղտնի և հրապարակման ոչ ենթակա:
Գևորգ Վարդանյանը շարունակել է ծառայել արտաքին հետախուզության համակարգում մինչև 1992 թ.-ը: Նրան շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում, բացի այդ, Վարդանյանը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և պատվոգրերով:
Խորհրդային արտաքին հետախուզության ողջ պատմության մեջ Գ. Վարդանյանը երկրորդ անձն էր` Ն. Կուզնեցովից հետո, ում շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում:
2009 թ.-ի փետրվարի 14-ի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պետական անվտանգության մարմինների վաստակաշատ սպա, Խորհրդային Միության հերոս Գևորգ Անդրեյի Վարդանյանը պարգևատրել է Պատվո շքանշանով:
Արտաքին հետախուզության գնդապետ Վարդանյանը հեռացավ կյանքից 2002 թ.-ի հունվարի 10-ին:
Գևորգ Վարդանյանի մասին պատմող տեսանյութը` ԱՅՍՏԵՂ: