24/12/2012 19:40
Բացվել է Մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես
Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, ցուցահանդեսում ներկայացվել են Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, դասախոսների, շրջանավարտների և ուսանողների աշխատանքները: Ցուցահանդեսի երկու հարկաբաժիններում ներկայացվել է գեղանկար, գրաֆիկա, քանդակ, գոբելեն, դեկորատիվ կիրառական արվեստի, հոգուստի մոդելավորման, դիզայնի, խեցեգործության նմուշներ, փայտյա իրեր և մետաղյա զարդեր՝ ընդհանուր առմամբ մոտ 300 աշխատանք: Ի թիվս աշխատանքների՝ ներկայացված են հայտնի նկարիչներ Լևոն Կոջոյանի, Կարապետ Մինասյանի, Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Հարությունյանի, Վահրամ Խաչիկյանի, Սուրեն Սաֆարյանի, Տիգրան Սիմոնյանի ստեղծագործությունները:
Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին նախարարը շեշտել է, որ մանկավարժական համալսարանը Հայաստանի կարևոր մշակութային կրթության կենտրոններից է: «Մենք այսօր շատ ենք խոսում գիտելիքի արժևորման, գիտելիքահեն հասարակության մասին: Գիտելիքը, եթե չի հիմնվում արժեքների վրա, մերկ է և բոբիկ: Իսկ արժեքը ստեղծվում է մշակութային և հոգևոր գործունեության շնորհիվ: Մշակույթը և կրթությունը նույն շքանշանի տարբեր կողմերն են: Դժվար է տարանջատել գիտելիքն ու արժեքը, մշակույթն ու կրթությունը՝ դրանք փոխլրացնում են միմյանց»,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք է ասել նաև ժողովրդական նկարիչ Լևոն Կոջոյանը՝ շեշտելով, որ ավանդույթները պահպանելը՝ աշակերտի կողմից վարպետի գործը շարունակելը կարևոր առաքելություն է: «Մեր երկիրը հարուստ է տաղանդավոր երիտասարդներով, աշխատեք, ստեղծեք և արարեք. դա մեր հարստությունն է»,- նշել է վարպետը: