25/12/2012 17:33
Ուրիխանյան. Եթե դատավորը այլ որոշում կայացնի, նա դժվար թե կարողանա աշխատել
Դեկտեմբերի 24-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորը Ռուբեն Ափինյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` «Livejournal»-ում «alkhimik» անունով գրանցված բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ հայցի նախնական քննությունը:
Տ.Ուրիխանյանը բլոգերից պահանջում է վիրավորանքի միջոցով իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում նրանից 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձել:
«Դա ծաղրանկար չէ, քաղաքական գործիչների հետ կապված ծաղրանկարներ տարբեր թերթերում հաճախ են հայտնվում, և կիսամերկ աղջկա մարմնի վրա տղամարդու գլուխ դնելը ծաղրանկար չէ: Պատգամավոր է, կոշկակար, թե գիտնական, իր զբաղմունքից անկախ որևէ մեկը իրավունք չունի մյուսին վիրավորելու: Եթե ոմանք գտնում են, որ դա վիրավորանք չէ, ես պատրաստ եմ ֆոտոշոփի մասնագետ վարձել, որ նրա մերձավորների համար նման նկարներ պատրաստի և դրանք անվճար տեղադրել համացանցում»,-ասաց նա:
Տ.Ուրիխանյանի խոսքով, դա ոչ միայն իր, այլ նաև ԱԱԾ խնդիրն է:
«9 միջազգային միջխորհրդարանական պատվիրակությունում ու հանձնաժողովներում աշխատող ԱԺ պատգամավորին նման կերպով ներկայացնելը առիթ կտա թուրքերին մեկնաբանել և ծաղրել այդ նկարը, ինչը նաև դառնում է ԱԱԾ խնդիրը, և ես տվյալ անձին նաև այդ առումով եմ պատասխանատվության ենթարկելու: Ոչ ոք օրենքից դուրս չպետք է լինի, ես ինքս աշխատում եմ լրատվական դաշտում, սա խոսքի իրավունքի սահմանափակում չէ, ինչ-որ մարդիկ համացանցում նստած իրավունք չունեն անել այն, ինչ ուզում են»,-ասաց նա:
Հարցին, իսկ եթե նրա հայցը մերժվի, ինչ է պատրաստ անելու, Տ.Ուրիխանյանը նշեց, որ օրենքը հստակ սահմանում է այդ արարքի նկարագիրը և պատիժը: «Եթե դատարանը առաջնորդվեց ոչ թե օրենքով, այլ ինչ-որ շարժառիթներով, այդ դատավորը կստանա իր մասին հանրային կարծիք և գնահատական, և հավատացեք, այն չափի և այնպիսի, որ իրեն դժվար կլինի դրանից հետո ՀՀ-ում իր աշխատանքով զբաղվելը: Բայց ես հույս ունեմ, որ մեր երկրում մեր արդարադատության համակարգը կպաշտպանի թե իմ, թե ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքները»,-ասաց նա:
Նկարի հեղինակ, բլոգեր Էդգար Բարսեղյանի խոսքով, սակայն, ինքը ոչ թե վիրավորելու, այլ քննադատելու նպատակով է դա արել: «Ոճ, մոդա, գլամուր բառերը սովորաբար պոդիումի և կնոջ հետ են ասոցացվում, վիրավորանք այդտեղ չեմ տեսնում: Շատ ավելի կոպիտ ծաղրանկարներ են հայտնվել համացանցում, որտեղ ավելի կարևոր մարդիկ են ներկայացվել, բայց ոչ մեկը դատի չի տվել դրա համար, քանի որ ընդունել են քննադատությունը, և հումորի զգացում են ունեցել: Տ. Ուրիխանյանը սպառնացել է, որ իմ հարազատների և մերձավորների դեմքերով նկարներ կհայտնվեն համացանցում, եթե դա է պատգամավորի մակարդակը, դա ինձ համար ավելի զվարճալի է թվում: Հայցը բավարարելու դեպքում ամենամեծ վտանգը այն նախադեպ լինելն է, ես գիտեմ, որ ծաղրանկարը որպես ժանր Հայաստանում վերացման վտանգի առաջ կկանգնի, որովհետև վիրավորանք ասելով շատ բան կարելի է հասկանալ, և դժվար է իմանալ, ով և երբ ինչից կվիրավորվի, կամ չի վիրավորվի»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բլոգերը:
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանին այս միջադեպը հիշեցնում է լրատվամիջոցների դեմ մի քանի միլիոն դրամի հատուցման պահանջով հարուցված քրեական գործերը: «Տ.Ուրիխանյանի իրավունքն է դատի տալը, բայց այլ հարց, որ նա պահանջում է 1 մլն դրամ: Դա արդեն խնդիր է, որովհետև թերթերի դեպքում, երբ մի քանի մլն-ի փոխհատուցման հայցեր էին ներկայացմում, բոլորը խոսում էին, որ դրանով թերթերը ուզում են սնանկացնել: Ստացվում է, ամեն ծաղրանկար կարող է դառնալ դատական գործ սկսելու պատճառ»,-ասաց նա:
Նշենք, որ գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 14-ին: