08/01/2013 14:47
Արթուր Սաքունցը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան
ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցով բողոքն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2012թ. հոկտեմբերի 17-ի որոշման:
Գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն 2012թ. հուլիսի 20-ի վճռով նրա հայցը մերժել էր:
2012 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ մերժել է նրա բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը պահանջել է ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին և Կազմակերպությանը վիրավորանք հասցնելու համար Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել լրատվական նույն միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հօգուտ Կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա։