12/01/2013 16:31
Երևանում կա 46 հազար շուն. Դա երկու անգամ քիչ է մարդկանց թվից
Երևանի քաղաքապետարանը ամեն տարի մրցույթ է հայտարարում քաղաքում թափառող կենդանիների ստերիլիզացիայի և քնեցման համար. տրամադրվում է 180 մլն դրամ, հաշվարկվում է 46 հազար շուն: 2006 թ.-ից մրցույթը հաղթում է Յունիգրաֆ իքս կազմակերպությունը:
Քաղաքապետարանից Aysor.am-ին պատասխանեցին, որ բացի «Յունիգրաֆ իքսից», ոչ մի այլ կազմակրեպություն մրցույթին չի մասնակցում:
«Փրկենք կենդանիներին» կազմակերպության ղեկավար Նունե Մեհրաբյանը Aysor.am-ին հաղորդեց, որ երեք անգամ մասնակցել է մրցույթին, սակայն չի հաղթել, իրեն «աչքով հասկացրել են, որ աղջիկ ջան, այստեղ գործ չունես անելու»:
Իսկ Երևանում ապրող շների թիվը՝ 46 հազար, նա ճիշտ չի համարում՝ գտնելով, որ քաղաքում ամենաշատը 5-6 հազար թափառական շուն կա:
«Յունիգրաֆ իքս» կազմակերպության լրատվական բաժնի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը Aysor.am-ին ներկայացրեց, որ 2012 թ.-ի երրորդ եռամսյակում կազմակերպությունը 2600 շուն է ստերիլիզացվել, 10 400 թափառող կենդանի է քնեցրել, միայն նոյեմբերին ստերիլիզացվել է 679, վնասազերծվել՝ 3000 թափառող կենդանի:
Նա նաև հավաստեց, որ շներին տանում-ուսումնասիրում են, ագրեսիվ, վարակակիր շներին քնեցնում են, իսկ առողջ շներին ստերիլիզացնում, ժանտախտի, կատաղության դեմ պատվաստումներ են անում ու բաց թողնում:
Մեկ քնեցրած շունն արժե 3000 դրամ, իսկ ստերիլիզացված կենդանին` մոտ 9000:
«Յունիգրաֆ իքսը» քաղաքապետարան է ներկայացնում քնեցրած շների պոչերը, ստերիլիզացված շների օրգանները: Ինչպես անասնաբույժ Արման Էլբակյանը նշեց, քաղաքապետարանում չկա մասնագիտական հանձանժողով, որ ստուգի, թե ներկայացված օրգանները ի՞նչ օրգաններ են, իսկ ներկայացված թվերը «օդից վերցված են»:
Նունե Մեհրաբյանը նաև նշեց, որ այսօր էլ շներին գնդակահարում են, իրենք կենդանիների գնդակահարության մասին տվալներ ունեն, թեև քաղաքապետարանը միշտ էլ ժխտում է գնդակահարության միջոցով կենդանիների ոչնչացումը. ««Յունիգրաֆ իքսը» անգամ մեր ստերիլիզացրած շներին է ոչնչացնում»:
Պարզ հաշվարկ. Եթե 3 ամսում «Յունիգրաֆ իքսը» քնեցնում է 10 հազար շուն, տարեկան ստացվում է 40 հազար շուն, երեք ամսում ստերիլիզացնում է 2 600 շուն. Ընդհանուրը՝ ուղիղ կազմում է 46 հազար շուն տարեկան, որն էլ մրցույթի պահանջներից է:
Եթե տարեկան միայն 40 հազար շուն է ոչնչացվում, Երևանում շուն ընդհանրապես պետք է չլիներ, բայց ոչնչացվելուց հետո Երևանի քաղաքապետարանի «պահանջով» Երևանը «համալրվում է» ևս 46 հազար բոլորովին նոր, ագրեսիվ, վտանգավոր շներով և հայտարարվում է 180 մլն դրամ արժեցող հերթական թանկարժեք մրցույթը:
Երբ պարզաբանումների համար դիմեցինք Երևանի քաղաքապետարան` պատասխանեցին` դիմեք «Յունիգրաֆ իքսին», և խորհուրդ տվեցին նրանց պատասխան ընդունել որպես ՊԱՇՏՈՆԱԿԱՆ: