14/01/2013 20:59
Կալանավորը պատրաստվում է հացադուլի. Հուսալքված ծնողների խնդրանքը
Կալանավոր Շալիկո Մանուչարյանի ծնողները դիմում-բողոք են գրել լրատվամիջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կառույցներին: Նրանք խնդրում են աջակցել որդու՝ խախտված իրավունքների պաշտպանության գործում, և թույլ չտալ, որ անմեղ մարդը դատապարտվի չկատարած արարքի համար: Դիմում-բողոքը տեղադրված է Hetq.am կայքում:
«2010 թ. նոյեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում ցերեկը ինչ-որ անձ կրակել է Վանաձոր քաղաքի բնակիչ Արսեն Փերիխանյանի վրա և դիմել փախուստի: Այդ դեպքի մասին մենք իմացել ենք նույն օրը, երբ ոստիկանները լցվել էին մեր տուն և տղայիս՝ Շալիկո Սերգեյի Մանուչարյանին էին հարցնում: Մեր որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի:
2012 թ. մայիսի 30-ին ոստիկանները ներխուժել են մեր տուն և մեր որդուն տարել են Վանաձորի ոստիկանություն՝ մեզ ասելով, որ նրա նկատմամբ դատարանի սանկցիա կա: Ներկայումս մեր տղան անհիմն կալանավորված է և ապօրինաբար արդեն 7,5 ամիս գտնվում է կալանավայրում: Նրան մեղադրում են իր չկատարած արարքի մեջ: Այն, որ իմ որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի, գիտեն բոլորը, այդ թվում Լոռու և Շիրակի մարզի դատախազները և քննիչներն ու ոստիկանները:
Ի դեպ, պետք է նշեմ, որ տղայիս սկզբից պահում էին Վանաձորի քննչական մեկուսարանում, այնուհետև տեղափոխեցին Արթիկի բերդ, մոտ 4 ամիս անց նորից տեղափոխում են Վանաձորի մեկուսարան: Չեն կարողանում հաստատել որդուս գլխին «սարքած» «մեղադրանքը», դրա համար կարծես թե Շիրակի և Լոռու մարզերի դատախազները և քննիչները մտել են մրցավազքի մեջ. Իրար, այսպես ասած, «պաս» են տալիս, չեն կարողանում կոնկրետացնել, թե դատախազներից որ մեկը պետք է հաստատի անմեղ մարդու վրա «բարդած» մեղքը:
Վանաձոր քաղաքում տարբեր մարդկացից լսել ենք, որ իրավապահները, հստակ ցուցում ունենալով Շալիկո Մանուչարյանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Լոռու մարզի դատախազից, իրենցից կախման մեջ գտնվող մարդկանց կանչել և հարցաքննել են իբրև ականատես վկաներ: Այդ մարդկանցից, օրինակ, ոմն Սուրենին ճանաչում է գրեթե ամբողջ Վանաձոր քաղաքը, ճանաչում է որպես նախկին ՕԲԽՍՍ-ի հաստիքային գործակալի, ապա նաև ոստիկանների գործակալի, ով մշտապես ընթերականի կարգավիճակ ունի և բազում մարդիկ նրա, վկայություններով. դատապարտվել են: Իսկ մեկ այլ, այսպես ասած, վկան հանրաճանաչ ալկոհոլիկ և մուրացկան է:
Հիշեցնեմ, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի կենտրոնական, մարդաշատ փողոցի վրա, ամենաաշխույժ սրճարանի մոտ, օրվա ցերեկային ժամին, և ինչպես է ստացվել, որ բացի այդ «վկաներից» որևէ այլ՝ ոստիկաններից կախման մեջ չգտնվող անձ չի տեսել, որ մեր տղան է «հանցագործը»:
Դիմելով ձեզ՝ խնդրում ենք, որ մեր տղայի վերաբերյալ քննվող քրեական գործը ձեր ուշադրության կենտրոնում պահեք: Զգալով ձեր հետաքրքրությունը գործի նկատմամբ՝ իրավապահները հնարավոր է՝ հետ կանգնեն մեր տղայի նկատմամբ հարուցված անհիմն մեղադրանքից և ապօրինություններից, ուստի խնդրում ենք ձեզ հարգել մեր ծնողական խնդրանքը:
Մեղադրյալ Շալիկո Մանուչարյանը որևէ այլ ելք չի տեսնում և պատրաստվում է իր նկատմամբ իրականացվող ակնհայտ ապօրինի հետապնդման դեմ, որպես բողոքի արտահայտման միջոց, հայտարարել հացադուլ: Հայցում ենք ձեր աջակցությունը:
Դիմումատու, հուսալքված ծնողներ՝ Սերգեյ Շալիկոյի Մանուչարյան, Ռուզաննա Հովհաննեսի Վարդանյան»: