23/01/2013 13:39
Բլոգեր. Դատարանի այս որոշումը դեռևս ոչինչ չի նշանակում
Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, բավարարել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջնորդությունը` պարտադրելով Էդգար Բարսեղյանին համացանցից հանել հայցի առարկա հանդիսացող մոնտաժված լուսանկարները:
Է.Բարսեղյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա սովորական դատական պրակտիկա է, որը կիրառվում է նմանատիպ դեպքերում, երբ պետք է զերծ մնալ հայցի առարկայի ավելորդ շահարկումներից, և այս որոշումը դեռևս ոչինչ չի նշանակում:
Հիշեցնենք, որ Տ. Ուրիխանյանը Է. Բարսեղյանից պահանջում է վիրավորանքի միջոցով իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձել:
Է. Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ տեղադրել է այդ որոշման լուսանկարը:
«Հարգելի բարեկամներ։ Քանի որ հայտնի դատական հայցի պատճառով դատարանը որոշում է կայացրել՝ հայտնի դեմոտիվատորը ժամանակավորապես, մինչ դատարանի վերջնական վճիռը, արգելափակելու մասին (մենք այդ որոշումը բողոքարկելու ենք, իհարկե), այդ դեմոտիվատորը պարունակող գրառմանը ժամանակավորապես տրվել է «գաղտնի» կարգավիճակ։ Հնարավորություն կունենանք արդյոք այն կրկին հասանելի դարձնել հանրության համար՝ կախված է դատարանի վճռից։
Նաև, վերլուծելով 2012 թ. ընթացքում ՀՀ դատական համակարգը, Demotivator.am կայքն իրեն իրավունք է վերապահում «Տարվա ոճային հայցվոր» ճանաչել Տիգրան Ուրիխանյանին։
Շնորհակալություն, որ մեզ հետ եք։
P.S. Իսկ մինչ դատարանը կկայացնի իր վերջնական վճիռը, կարող եք վայելել այս երկու՝ իրար հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող պատկերները»,-ասված է գրառման մեջ:
Նախորդող հրապարակում`
Տիգրան Ուրիխանյան- Էդգար Բարսեղյան դատական նիստը հետաձգվեց
Ուրիխանյան. Եթե դատավորը այլ որոշում կայացնի, նա դժվար թե կարողանա աշխատել