28/02/2013 18:59
Հովհաննես Թամամյանի գործով նորություն չկա
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով որևէ նորություն չկա: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհ. Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը:
«Ես իր մոտ եղել եմ 1 ամիս առաջ, իմ իմանալով՝ իր ինքնազգացողությունը նորմալ էր»,- ասաց Վ. Գևորգյանը՝ նշելով, որ առայժմ որևէ միջնորդություն չեն պատրաստվում ներկայացնել դատարան:
Նշենք, որ վերջերս լուրեր էին տարածվել, որ Հ. Թամամյանը կարող է ազատ արձակվել՝ կրելով պատժի 2/3-ը:
Հիշեցնենք, Հովհ. Թամամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ունենալով ոստիկանության գեներալ-մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և որպես այդպիսին` հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և իր ծառայողական պարտականությունները չի կատարել, որով մի դեպքում էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, մյուս դեպքում` անձանց իրավունքներին ու պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Արմեն Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և որպես այդպիսին հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Վահան Խանզադյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում որպես ՀԿԳ ավագ քննիչ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին ու պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Դատարանի վճռով, Հովհ Թամամյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 4 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով։
Ա. Պողոսյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11ամիս 10 օրը, այդ պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Վ. Խանզադյանի նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11 ամիս 12 օրը, որը պայմանակորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։