01/03/2013 18:54
Փակ շուկա. Քաղաքապետարանը պատասխան է ուղարկել, որ կարդալը նույնիսկ ամոթ է
«Փակ շուկայի 1/3-ն արդեն ավերված է, մենք այլևս չենք կարող փրկել հուշարձանը: Ստացվում է՝ կան մարդիկ, ում շահերը վեր են պետության շահերից: Համոզված եմ, որ եթե լիներ կամք և հետևողականություն, կարող էին բռնել սեփականատիրոջ ձեռքը»,- այս մասին այսօր Ճարտարապետների միությունում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:
ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ իրենք այս խնդրի առնչությամբ դիմել են ՀՀ Նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, սակայն շինարարությունը շարունակվում է առանց նախագծի, իսկ քաղաքապետարանը այնպիսի պատասխան է ուղարկել, որ կարդալը նույնիսկ ամոթ է:
Հայաստանի դեմոկրատական կուսկացության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքով՝ «Փակ շուկայի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը արատավորել է պետության կողմից պահպանվող հուշարձանը, և նրան պետք է զրկեն սեփականության իրավունքից ու նրա դեմ քրգործ հարուցեն: Տիգրան Խզմալյանի խոսքով` խնդրի լուծման միակ ճանապարհը անհնազանդությունն է:
Քննարկմանը ներկա ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը քննարկման վերջում նշեց, որ միանում է հնչած բոլոր կարծիքներին և շուկայի վերակառուցման նախագիծն արդեն քննարկման փուլում է, և հավանաբար հաջորդ շաբաթ կլինի եզրակացություն այս թեմայով, արդեն կառուցվածը ոչ ամբողջովին ապամոնտաժվելու է, վերակառուցվելու են շուկայի բոլոր 9 կամարները: