05/03/2013 17:41
Է. Բարսեղյան. Դատավորը պարբերաբար հաշտվելու կոչեր է անում
Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նորից հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և բլոգեր Էդգար Բարսեղյանի գործով դատական նիստը: Նիստի հետաձգման պատճառը Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցչի հիվանդությունն էր:
Է. Բարսեղյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում դատավորը պարբերաբար իրենց հաշտվելու կոչեր է արել և եթե Տ. Ուրիխանյանը նման ցանկություն ունենա, ինքը պատրաստ է:
Տ. Ուրիխանյանը Aysor.am-ի թղթակցի հարցին` ինքը հնարավոր համարու՞մ է նման զարգացումը, նշեց, որ իրեն այդ հարցը չի հետաքրքրում, ինքը քաղաքականությամբ է զբաղվում:
«Ես զբաղվում են ժողովրդի պրոբլեմներով, և ոչ մեկին չի հաջողվի շեղել իմ ուշադրությունը հասարակության խնդիրներից: ԴԱՀԿ-ը արգելել է նրան այդ նկարները տարածել, ես այլ ասելիք չունեմ: Շնորհակալ եմ ուշադրության և իմ համեստ անձի շուրջ առաջացած աղմուկի համար»,- ասաց Տ. Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ Տ. Ուրիխանյանը Է. Բարսեղյանից պահանջում է վիրավորանքի միջոցով իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձել:
Նախորդող հրապարակում` Տիգրան Ուրիխանյան- Էդգար Բարսեղյան դատական նիստը հետաձգվեց
Բլոգեր. Դատարանի այս որոշումը դեռևս ոչինչ չի նշանակում
Ուրիխանյան. Եթե դատավորը այլ որոշում կայացնի, նա դժվար թե կարողանա աշխատել