05/03/2013 21:33
ՍԴ-ն Ր. Հովհաննիսյանի և Ա. Ղուկասյանի դիմումը կքննի նույն նիստի ընթացքում
Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով որոշում է կայացրել գործն ընդունել քննության և միավորել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած գործի քննությանը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՍԴ-ից:
Գործն ընդունվում է ՍԴ-ի մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև նկատի ունենալով 2013թ. մարտի 5-ի ՍԴԱՈ-13 որոշման նախաբանում ներկայացված փաստարկների, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա:
Միավորված գործով զեկուցողները ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանը, Ֆ. Թոխյանը և Ա. Խաչատրյանն են: Որպես պատասխանող կողմ ընդգրկված են ԿԸՀ-ն, ՀՀ դատախազությունը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։