06/03/2013 20:14
Ինֆորմացիայի ազատության կենտրոն. ԱԺ տրամադրած տեղեկատվությունը թերի է
ՀՀ Ազգային ժողովն Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել է ՀՀ ԱԺ նախագահի` 2012թ.-ի 1-ին կիսամյակի կարգադրությունների պատճենները, ինչպես նաև տեղեկատվություն 2012թ-ին ՀՀ ԱԺ-ին ներկայացուցչական ծախսերի համար հատկացված և ծախսված գումարների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ի ներկայացուցչական ծախսերի մասին տեղեկատվությունն ԻԱԿ-ը խնդրել էր 2012թ. նոյեմբերի 20-ի տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ: ԻԱԿ-ի այս հարցմանը ԱԺ-ն տրամադրել էր թերի պատասխան: Պատասխանը համարվել էր թերի, քանի որ ԱԺ-ն չեր տրամադրել հարցմամբ խնդրված տեղեկությունների մի մասը։
ՀՀ ԱԺ նախագահի` 2012թ.-ի 1-ին կիսամյակի կարգադրությունների պատճեններն ԻԱԿ-ը խնդրել էր 2012թ. նոյեմբերի 20-ի տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ: 05.12.2012թ.-ին ԱԺ-ն էլեկտրոնային փոստի միջոցով ԻԱԿ-ին պատասխանել էր, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում:
Սակայն, դրանից հետո որևէ պատասխան ԱԺ-ից չէր ստացվել, այսինքն՝ չէր տրամադրվել 22.11.2012թ.-ի հարցմամբ, ինչպես նաև 05.12.2012թ.-ի կրկնակի հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը։
Արդյունքում 2013թ.-ի փետրվարի 1-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի` դատարանից խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, այդ թվում՝ պատասխանողի անգործությամբ, և ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները:
ԻԱԿ-ի կողմից դատարան դիմելուց հետո 2013թ.-ի մարտի 4 թվագրմամբ գրությամբ ՀՀ ԱԺ-ն տրամադրեց դատական գործի պատճառ դարձած տեղեկությունները, սակայն, թերի:
Ծավալուն` 114 էջից բաղկացած տեղեկատվության 113 էջը կազմում էին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունները, որոնցում, սակայն, ըստ կարգադրությունների հերթական համարների` բացակայում է 12 կարգադրություն: