07/04/2013 21:57
Շիրակում ական է պայթել. Երկու երեխա է զոհվել
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Հովհանի և Վահրամաբերդ գյուղերի մոտակայքում, ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ական է պայթել, որի հետևանքով երկու անչափահաս երեխա են մահացել:
Դեպքի վերաբերյալ Panorama.am-ին մանրամասներ է հայտնել գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը:
«Դրա վրա ալյումին է եղել, խփել են, չկրակված զենք է եղել, պայթել է, երկու երեխան էլ մահացել են», -պատմել է գյուղապետը` նշելով, որ այդ տարածք գնալը արգելված է եղել:
Աղվան Մարտիրոսյանը տեղեկացրել է նաև, որ Վահրամաբերդի բնակիչներ Մկրտչյանն ու Գևորգյանը իրենց անասունները արածեցնելու համար տարել են մոտակա տարածք, սակայն նրանց երեխաները՝ 15-ամյա Մուշեղը ու 12-ամյա Արթուրը բարձրացել են սարը, որտեղ չկրակված զենք է եղել:
Մարտիրոսյանն ասել է, որ ծնողների հետ երեխաները գնացել են անասուններին արածեցնելու և մտել են արգելված տարածք, որպեսզի ջուր խմեն. հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգությունը:
Մկրտչյանը ու Գևորգյանը հարևանների երեխաներ էին. Արթուր Մկրտչյանը իրենց ընտանիքի 8 երեխաներից մեկն էր, իսկ Մուշեղ Գևորգյանը՝ հինգ երեխաներից մեկը:
«Երկու ընտանիքներն էլ գյուղի ամենածանր ապրող ընտանիքներից են: Շատ ծանր վիճակում են ապրում», - հավելել է գյուղապետը: