08/04/2013 16:00
Ականի վրա պայթած երեխաների հուղարկավորության համար գումար չկա
Երեկ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում ականի պայթյունի հետևանքով մահացած երեխաների ընտանիքները հուղարկավորության ծախսերը հոգալու գումար չունեն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը.
«100 հազարական դրամ ընտանիքներին տրամադրեց գյուղապետարանը, 100 հազար դրամ մեր տարածքից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը և դրամական ինչ-որ օգնություն մարզպետն է ցուցաբերել: Ամեն դեպքում այդ ընտանիքները ծայրահեղ վատ են ապրում: Այս հավաքված գումարը հազիվ թե հուղարկավորության ծախսերին հերիքի»,- ասաց Աղվան Մարտիրոսյանը:
«Հեն ա էդ ընտանիքներում լաց ու կոծ, գյուղն էլ դեռ չի հասկանում ինչ կատարվեց: Ախր ընտանիքներն էլ բազմազավակ են: Մկրտչյանների ընտանիքը ութ երեխա ունի, ութն էլ` անչափահաս: Հինգ երեխա էլ Գևորգյանների ընտանիքն ունի: Էլի եմ ասում, ֆինանսապես շատ ծանր վիճակում են: Դիմել ենք տարբեր մարդկանց՝ բարերարների, տեսնենք գոնե մեկն էլ օգնի»,- մեզ հետ զրույցում ասաց Աղվան Մարտիրոսյանը:
Գյուղապետը նշեց դեպքը տեղի է ունեցել արգելված տարածքում.
«Բայց դե ժամանակին մեր արոտավայրերն էին դրանք: Հիմա մարդիկ տեղ չունեն արածեցնելու, էլի ընդեղ են արածեցնում, բայց գոնե զգույշ են լինում: Նրանք էլ դե երեխեք են, երեխայություն են արել ու մի կտոր ալյումինի համար սենց բան ա եղել»,- ասաց գյուղապետը, ևս մեկ անգամ նկատելով, որ ընտանիքներն այս պահին էլ օգնության կարիք ունեն և գյուղն ակնկալում է բարերարների օգնությունը:
Նախորդող հրապարակում` Շիրակում ական է պայթել. Երկու երեխա է զոհվել