16/04/2013 10:33
Արայիկ Պետրոսյանի գործով առաջին նիստը նշանակված է ապրիլի 18-ին
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կասկածյալ Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը բողոքարկել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանքի որոշումը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով ` առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 18-ին:
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքը անհիմն է, քանի որ որևէ կերպ ապացուցված չէ, որ նա է կրակել Հ. Մուրադյանի վրա:
«Նրան մեղադրանք է առաջադրվել` հիմնվելով միայն փորձագետի եզրակացության վրա: Սակայն անտիմոնը, որը հայտնաբերվել է նրա դեմքի վրա և մեքենայի մեջ, դեռևս չի ապացուցում, որ նա մեղավոր է, որովհետև նա կարող էր այլ վայրում կրակել կամ էլ ուրեմն այդ օրը կրակած բոլոր մարդիկ կասկածյալ են համարվում: Բացի այդ, նրա մեքենան այդ վայրում չեն տեսել, իսկ այդ նյութը պարունակվում է կոսմետիկ միջոցների մեջ և զոդման ընթացքում էլ կարող էր նրա վրա հայտնվել, իսկ թե ինչ վաղեմության ժամկետ ունի անտիմոնը, հայտնի չէ: Իսկ կալանքի հիմքեր ընդհանրապես չկան, ինչքան հրավիրել են, ներկայացել է ոստիկանություն»,-ասաց նա, նշելով, որ նրանց ընտանիքների միջև հարաբերությունները շատ նորմալ են եղել, սակայն փորձում են արհեստականորեն բարդացնել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով՝ ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նախորդող հրապարակում` Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներից մեկը ազատ է արձակվել
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորել են Արայիկ Պետրոսյանին