16/04/2013 11:27
Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվողի եղբորը նորից ձերբակալել են
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա արգելանքից ազատված Արտակ Պետրոսյանը երեկ ձերբակալվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Ա. Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
«Նրան ձերբակալել են խուլիգանության կասկածանքով: Նախկինում այս գործով նյութեր էին նախապատրաստվել, սակայն հանցակազմի բացակայության հիմքով մերժվել էին, քանի որ ինչ-որ վիճաբանություն, քաշքշուկ է եղել, սակայն ոչ մի կռիվ չի եղել, հետևանքեր չի ունեցել: Հիմա նորից այդ գործը վերսկսել են ու նրան երեկ երեկոյան ձերբակալել են»,-ասաց Գ. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին կետի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով) հատկանիշներով: