23/04/2013 16:39
Վարդան Ղուկասյանի եղբոր որդին բերման է ենթարկվել
Գյումրի քաղաքում այսօր կեսօրին տեղի ունեցած կրակոցների մասնակիցները, ըստ Aysor.am-ի ունեցած տեղեկությունների, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմնակիցներն են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցների վայրում է եղել նաև Վ.Ղուկասյանի որդին՝ ընկերների հետ միասին։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Նշենք, որ ավելի վաղ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ կրակոցները հնչել են Շիրակացի փողոցում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի քավորի տանը, ով հայտնի է Քավոր Հարութ մականվամբ, և կրակել են Շեկոյի վրա։
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդին բերման է ենթարկվել։