26/04/2013 15:38
Գուրգեն Եղիազարյանն այլմոլորակայինների հետ կա՞պ ունի
Երեկ՝ ապրիլի 25-ին, Քանաքեռ Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ-ի և Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի: Հիշեցնենք, որ խոսքը գնում է տարիների վեր ձգձգվող մի վեճի՝ Հնչակյան կուսակցության իրավուքների մասին: Արդարադատության նախարարության ռեգիստրով ՍԴՀԿ ատենապետ ճանաչված Գևորգ Պերկուպերկյանը Aysor.am-ի լրագրողի հետ զրույցում հույս հայտնեց, որ այս իրավիճակը վաղ թե ուշ կհանգուցալուծվի.
«Ինչի՞ մասին է խոսքը, եթե քաջ Նազարի բախտով պատգամավոր է դարձել (նկատի ունի Լյուդմիլա Սարգսյանին- խմբ.), չի նշանակում, որ ցանկացած ասած պետք է հալած յուղի տեղ ընդունել: Մենք ունենք բոլոր իրավունքները, անկախ նրանից, թե այլ ինչ հիստերիկ դրսևորումների կհասնի նրանց հայտարարությունները»:
Ի դեպ, ՍԴՀԿ անդամ ներկայացող Գուրգեն Եղիազարյանը նույնպես վերջերս բավական ակտիվ հարցազրույցներ է տալիս՝ իր թիրախում հիմնականում պահելով վարչապետ Տիգրան Սարգսյանին ու «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսայնին: Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այդ հայտարարությունները, Պերկուպերկյանը պատասխանեց.
«Բոլորին խորհուրդ կտամ հումորով վերաբերվել պարոն Եղիազարյանի ցանկացած ասածին: Ես արդեն չեմ հիշում այս քաղաքական դաշտում մի անձնավորության, ում Եղիազարյանը հայհոյած, ամբաստանած չլինի: Սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանով, ում անվանում էր մարդասպան, վերջացնենք Րաֆֆի Հովհաննիսյանով կամ Ռոբերտ Քոչարյանով: Այդ մարդը ոչ մեկի հետ երբեք յոլա չի գնացել և չի էլ գնա, ում հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել, վերջում հայհոյել է: Վազգեն Մանուկյանի հետ էր մտերիմ, հիմա հայհոյում է, Վանոյին հայհոյում էր, հիմա պաշտպանում է, Քոչարյանի հետ էր մտերիմ, հիմա հայհոյում է: Ի դեպ ցանկանում եմ հիշեցնել, որ Եղիազարյանը ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն եղած ժամանակ «նաև այլմոլորակայինների հետ էր փորձել կապ հաստատել»: Վարչության պետերին հավաքել և հանձնարարել էր աշխատել մի կնոջ հետ, ով ուղղակի կապ ուներ այլմոլորակայինների հետ: Թեթև վերաբերվենք վերջինիս»: