27/04/2013 13:37
Լրագրողը պահանջում է, որ Աշոտ Պապայանը ներողություն հայցի իրենից
Նոր Նորքում Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավը լուսաբանելու ընթացքում Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո) կողմից հարձակման ենթարկված Հակոբ Կարապետյանն այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հինգ օր առաջ Աշոտ Պապայանը և մի խումբ մարդիկ բազմամարդ վայրում, ՀՀԿ քարոզչական հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ, բռնի կերպով խոչընդոտեցին իմ լրագրողական գործունեությունը, մարմնական վնասվածք հասցրին ինձ, հայհոյեցին, ձեռքիցս խլեցին տեսախցիկս և ջնջեցին բոլոր ֆայլերը: Ոստիկանությունը քրեական գործ դեռ չի հարուցել: Իմ բոլոր պնդումները և աջակցությունը ոստիկանությանը՝ բացահայտելու այս, թվում է, թե բացահայտ հանցագործությունը, ապարդյուն են:
Ոստիկանությունը դեռ չի որոշել՝ քրեական գործ հարուցե՞լ օրը ցերեկով բազմամարդ վայրում կատարված հարձակման փաստով, թե՞ ոչ: Ոստիկանության քննիչներն ակնարկում են, որ այս վիճակը կարող է դեռ շաբաթներ տևել: Ոստիկանության քննիչները, փոխանակ հանցագործներին (գոնե՝ նրանցից մեկին, որի անձը ինձ հաջողվել է պարզել՝ Աշոտ Պապայանին) բերման ենթարկելու, փորձում են հիմքեր փնտրել՝ ապացուցելու, որ ես պատշաճ կերպով չեմ ներկայացել որպես լրագրող: Մինչդեռ ես, թեև «բեյջ» չեմ կրել, (պարտավոր էլ չէի, քանի որ հրապարակային միջոցառում էր, բացի դրանից՝ որևէ մեկը չի էլ պահանջել) բայց հարձակումից առաջ և դրա ընթացքում անընդհատ շեշտել եմ, որ լրագրող եմ, և դա լսելի էր ոչ միայն հանցագործներին, այլև հավաքված մարդկանց: Նույնիսկ հանցագործներին հանգստացնելու համար զգուշացրել եմ մի քանի անգամ, որ նրանց արարքը պատժելի է:
Ուշագրավ է, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ կերպով կարգապահական տույժի է ենթարկել «Նոր Նորքում լրագրողի նկատմամբ ավագանու անդամի արածի» (ձևակերպումը Գասպարյանինն է) ժամանակ ոչ պատշաճ ծառայություն իրականացրած ոստիկաններին, բայց քրեական գործ դեռևս չկա: Քննիչն ասում է, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացել: Մինչդեռ դատաբժշկական փորձաքննությունը վերաբերում է շրթունքիս վրա հարվածից հետո մնացած վերքին, որը, անզեն աչքով էլ երևում է, որ թեթև մարմնական վնասվածք է:
Երեկ ոստիկանությունը տեղեկացրեց, որ «դեպքի կապակցությամբ բացատրություն են տվել Հակոբ Կ.-ն և Աշոտ Պ.-ն»: Այն, որ բացատրություն տալուց հետո դեռ Աշոտ Պ.-ն ազատության մեջ է, հիմք է տալիս ինձ ենթադրելու, որ նա հրաժարվել է ընդունել իր մեղավորությունը: Հուսով եմ՝ սխալվում եմ: Իսկ եթե ոչ՝ առավել ևս համոզված եմ, որ փորձ է արվում լղոզել, կոծկել, քնեցնել գործը:
Խոսուն փաստ. Արդեն չորս օր լրատվամիջոցները գրում, հեռարձակում են Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի կատարած հանցանքի մասին: Պապայանը, հանրային անձ լինելով հանդերձ, իր հասցեին հնչող մեղադրանքների կապակցությամբ որևէ հրապարակային մեկնաբանություն, որևէ հերքող հայտարարություն չի արել:
Այնուամենայնիվ, հատկապես լրագրողական և իրավապաշտպան հանրության գործընկերներիս բուռն արձագանքը և միջադեպը ուշադրության կենտրոնում պահելու հաստատակամությունը ինձ հուսադրում և վճռականություն են հաղորդում՝ պայքարելու մինչև վերջ: Կրկին հայտարարում եմ՝ ես առավել քան փայլուն կերպով հիշում եմ ինձ վրա հարձակվողների դեմքերը, առավել քան վստահ եմ, որ ինձ հարվածել և մարմնական վնասվածք է հասցրել Աշոտ Պապայանը՝ «Տուրբոն»: Ես շատ լավ հիշում եմ, որ գոռում էի, որ լրագրող եմ, և դա լսում էին ոչ միայն հանցագործները, այլև հավաքված մի քանի տասնյակ մարդիկ, այլև շենքի լուսամուտներից նայող բնակիչները: Ուստի պնդում եմ՝ կամ Աշոտ Պապայանը և մյուսները արժանի պատիժ կկրեն, կամ թող ինձ մեղադրեն զրպարտության մեջ:
Հանրությունը գիտի, որ ինձ ծեծել են, հայհոյել են, խոչընդոտել են լրագրողական գործունեությունս: Հանրությունը պետք է իմանա, որ Աշոտ Պապայանը և մյուսները զղջում են կատարվածի համար, նա պետք է ներողություն հայցի ինձանից և լրագրողական հանրությունից»:
Նախորդող հրապարակումներ՝ Նոր մանրամասներ ilur.am-ի լրագրողի գործով
«Քրեական կանոններով առաջնորդվողին դժվար է բացատրել խոսքի ազատության արժեքը»