03/05/2013 13:58
«Չորրորդ ինքնիշխանությունը» Տիգրան Քոչարյանին պետք է 700 հազար դր. վճարի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է Տիգրան Քոչարյանն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի գործով վճիռը:
Նշենք, որ Տ. Քոչարյանը պահանջում էր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցել 3.000.000 ՀՀ դրամ, որից 1 մլն դրամ վիրավորանքի, 2 մլն՝ զրպարտության, 500 հազար դրամ՝ փաստաբանական ծախսերի դիմաց:
Դատարանը Տ. Քոչարյանի հայցը բավարարել է մասնակի: Որպես փոխհատուցման գումարը պատասխանող կողմը պետք է վճարի 700 հազար ՀՀ դրամ, որից 200 հազար դրամը՝ որպես փաստաբանական ծախսերի փոխհատուցում:
Բացի այդ, վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 1 շաբաթվա ընթացքում օրաթերթը պետք է հերքում տպագրի և ներողություն խնդրի զրպարտության ու վիրավորանքի համար:
Տ. Քոչարյանի պաշտպան Ա. Սարդարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք թեև դեռ չեն ստացել վճռի պատճեն, սակայն ամենայն հավանականությամբ, չեն բողոքարկի այն, քանի որ դատարանը պարտավորեցրել է հերքում տպագրել:
«Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքարկելու են այս որոշումը, քանի որ հայցվորի պահանջը արտահայտում է իրենց սուբյեկտիվ կարծիքը: