08/05/2013 15:13
112 հազար եվրո` «Եհովայի վկաներին»
Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ։
Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամներ են, որոնք իրենց գանգատը ներկայացրել են 2006 թ. մարտի 31-ին։ Եվրոպական դատարանը վճռել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է փոխհատուցվեր դիմումատուների ոչ նյութական վնասը, ինչը ժամանակին չի արվել։
Հիշեցնենք՝ դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետևյալ անդամներն են` Հայկ Խաչատրյան (առաջին դիմումատու), Տիգրան Աբրահամյան (երկրորդ դիմումատու), Նարեկ Ալավերդյան (երրորդ դիմումատու), Տարոն Այվազյան (չորրորդ դիմումատու), Հարազատ Ազատյան (հինգերորդ դիմումատու), Արթուր Չիլինգարով (վեցերորդ դիմումատու), Վաղարշակ Մարգարյան (յոթերորդ դիմումատու), Գագիկ Դավթյան (ութերորդ դիմումատու), Բորիս Մելքումյան (իններորդ դիմումատու), Էդգար Չթեյան (տասներորդ դիմումատու), Էդգար Դիլանյան (տասնմեկերորդ դիմումատու), Վահե Գրիգորյան (տասներկուերորդ դիմումատու), Գարեգին Մելքոնյան (տասներեքերորդ դիմումատու), Աղվան Մհլամյան (տասնչորսերորդ դիմումատու), Գերասիմ Մհլամյան (տասնհինգերորդ դիմումատու), Հենրիկ Սաֆարյան (տասնվեցերորդ դիմումատու), Շալիկո Սարգսյան (տասնյոթերորդ դիմումատու), Արսեն Սևոյան (տասնութերորդ դիմումատու) և Կառլեն Սիմոնյան (տասնիններորդ դիմումատու):
Բոլոր դիմումատուներն էլ ենթակա են եղել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2004թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո` դիմումատուները դիմել են համապատասխան մարմիններին` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն այլընտրանքային ծառայություն անցնելու համար: Նրանց դիմումները բավարարվել են, և դիմումատուները ծառայությունը կրելու նպատակով տեղավորվել են տարբեր քաղաքացիական հաստատություններում:
2005թ. մայիս և հունիս ամիսներին դիմումատուները գրավոր նամակներ են ուղարկել ծառայության վայրերի տնօրեններին` հայտնելով, որ քանզի իրենց այլընտրանքային ծառայությունն իրականացվում է զինվորականների հսկողության ներքո, այն այլըտրանքային համարվել չի կարող և իրենք այլևս չեն կարող շարունակել ծառայությունը: Նրանք պահանջում են փոփոխել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որպեսզի նրանք կարողանան իրական այլընտրանքային ծառայություն անցնել: Նամակներն ուղարկելուց հետո դիմումատուները լքել են ծառայության վայրերը: 2005թ. հունիսին նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Տասնինը դիմումատուներից տասնչորսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ հինգի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
2006թ. մայիսի 31-ին բոլոր դիմումատուները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ «Եվրոպական դատարան»)՝ պահանջելով ճանաչել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի, 5-րդ հոդվածի 3-րդ կետի, 5-րդ հոդվածի 5-րդ կետի, 6-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 2 րդ կետի, 9-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի խախտում:
Եվրոպական դատարանն ընդունելի է համարել վերոնշյալ 19 դիմումատուներից 17-ի գանգատները (բացառությամբ՝ տասներորդ և տասմեկերորդ դիմումատուների) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի, 5-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի մասով:
Սույն գործով Եվրոպական դատարանի վճիռը կայացվել է 2012թ. նոյեմբերի 27-ին, որով արձանագրվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի և 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում:
Մասնավորապես, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի կապակցությամբ դիմումատուները պնդել են, որ նրանց կալանքի տակ պահելը հիմնված չէր իրավախախտում կատարելու հիմնավոր կասկածի վրա, քանի որ քննարկվող ժամանակահատվածում Հայաստանի օրենքը չի սահմանել «այլընտրանքային ծառայության վայրն ինքնակամ լքելը» հանցակազմ:
Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո վճռել է, որ դիմումատուներին ազատությունից զրկելը հիմնված չի եղել նրանց կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի վրա, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո և այս հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի խախտում:
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի մասով դիմումատուները մասնավորապես վիճարկել են այն փաստը, որ նրանց ոչ նյութական վնասի փոխհատուցում չէր տրամադրվել: Մասնավորապես, քրեական գործերի կարճումից հետո դիմումատուները հայցերով դիմել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` պատճառված վնասի (այդ թվում` ոչ նյութական վնասի) հատուցման պահանջի առնչությամբ, սակայն հայցադիմումները 2007թ. մերժվել են: Նույն թվականին վճիռների դեմ բերված ՀՀ վերաքննիչ բողոքները մերժվել են: 2008թ. մերժվել են նաև ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված նյութական իրավունքի խախտման հիմքով բերված վճռաբեկ բողոքները:
Եվրոպական դատարանը վճռել է, որ քննարկվող ժամանակահատվածում ներպետական օրենսդրությամբ ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորություն չապահովելը խախտել է դիմումատուների` 5-րդ հոդվածի 5-րդ կետով երաշխավորված իրավունքը:
Եվրոպական դատարանը սույն վճռով որոշել է դիմումատուներին տրամադրել արդարացի փոխհատուցում՝ 6,000 եվրո 17 դիմումատուներից յուրաքանչյուրին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 10,000 եվրո՝ 17 դիմումատուներին միասին՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է 112,000 եվրո:
Եվրոպական դատարանը վճռել է, որ քննարկվող ժամանակահատվածում ներպետական օրենսդրությամբ ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորություն չապահովելը խախտել է դիմումատուների` 5-րդ հոդվածի 5-րդ կետով երաշխավորված իրավունքը:
Եվրոպական դատարանը սույն վճռով որոշել է դիմումատուներին տրամադրել արդարացի փոխհատուցում՝ 6,000 եվրո 17 դիմումատուներից յուրաքանչյուրին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 10,000 եվրո՝ 17 դիմումատուներին միասին՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է 112,000 եվրո: