14/05/2013 13:59
«ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կարող էին շահագրգռված լինել Հայրիկյանի մահափորձի մեջ»
Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը դեռևս բացահայտված չէ և Վարդան Սեդրակյանն այս գործում ընդամենը երկրորդ օղակն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը:
«Գործի մյուս օղակին գտնելու համար պետք է հասկանանք, թե ում էին ձեռնտու նոր ընտրությունները: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն շահագրգռված կարող էին լինել դրանում, քանի որ հնարավոր է փոշմանել էին, թեկնածու չառաջադրելու համար: Կարծում եմ՝ իշխանությանը` մասնավորապես Սերժ Սարգսյանին, դա ձեռնտու չէր»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Եղնուկյանը մատնանշեց նաև այն փաստը, որ ընդամենը մի քանի տարում Վարդան Սեդրակյանը ծախսել է միլիոնավոր դոլարներ.
«Որտեղի՞ց նրան այդքան գումար, ո՞վ է տվել նրան այդ գումարը: Հենց սա ապացույցն է այն բանի, որ մահափորձը վերջնականապես բացահայտված չէ»:
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի առողջական վիճակին՝ Կարո Եղնուկյանը նշեց, որ նրա վիրահատությունը նորմալ է անցել ու առողջական վիճակի լավացում է նկատվում: