16/05/2013 14:00
Ա. Սիրունյան. Հայրիկյանը պետությունից տարած գումարի 3 մլն-ը ինձ է տալու
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ ԱԻՄ առաջնորդ Պ. Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանից պահանջում է ներողություն խնդրել Վարդան Սեդրակյանին խաղամոլ, ինչպես նաև իրեն ու Վ. Սեդրակյանին անբարոյական անվանելու համար:
«Ես ընդունում եմ, որ անբարոյական եմ, խնդիր չկա, սակայն ինքը պետք է ներողություն խնդրի, որովհետև եթե ասում է պաշտոնական մեղադրանք, քրեական գործում գրված չի, որ մենք անբարոյական ենք: Մենք հայցը մյուս շաբաթ տանելու ենք դատարան, և գումարը, որ Պ. Հայրիկյանը պետությունից տարավ, դրանից 3 մլն դրամը ինձ է տալու»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով գործով դատախազ Արամ Ամիրզադյանին, Ա. Սիրունյանը նշեց, որ հաջորդ դատական նիստին իրենք պահանջելու են, որ ներկայանա գործով իրական դատախազը:
«Մենք ասելու ենք` շատ ուրախ ենք, որ եկել է պարոն Ամիրզադյանը, բայց եկել է մեկը, որ դատախազ չի, իսկ առանց դատախազի չենք կարող դատ անել»,-ասաց նա:
Հարցին` իսկ եթե ամեն դեպքում դատախազը չփոխվի՞, Ա. Սիրունյանը նշեց. «Մենք ուրախ ենք, եթե պետությունը ուզում է նաև այդ առումով խայտառակվի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իմանան, որ Վ. Սեդրակյանին 20 տարի տվեցին մի գործով, որին դատախազը չէր ներկայացել: Եթե իրենք հավես ունեն, մենք էլ հավես ունենք»,-ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ Կ. Եղնուկյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել էր, որ պատրաստ է ներողություն խնդրել, սակայն չգիտի, ինչ համար:
«Ես հնչեցրել եմ միայն պաշտոնական մեղադրանքի տեսակետը: Եթե նրանք սխալ են եղել, նրանք պետք է ներողություն խնդրեն: Սակայն ես չգիտեմ, հատկապես ինչի համար է Ա. Սիրունյանը պահանջում ներողություն խնդրել: Եթե նա հիմնավորի, հնարավոր է ներողություն խնդրեմ, որովհետև մարդ ես, կարող ես և սխալվել»,- ասաց Կ. Եղնուկյանը:
Նախորդող հրապարակում` Կ. Եղնուկյան. Ես կարող եմ ներողություն խնդրել, բայց չգիտեմ, ինչի համար