16/05/2013 12:35
Հանրային ծառայությունների հանձնաժողովում ընդունեցին բողոքող քաղաքացիներին
Գազի գնի բարձրացման բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց են և պահանջում են մեկնաբանություն այն մարմնից, որը, վերջ ի վերջո, որոշելու է` թանկանալու է գազի գինը, թե` ոչ:
Րոպեներ առաջ ակցիայի մասնակիցների մոտ իջավ հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:
«Ես ոչինչ ասել չեմ կարող, կլինեն քննարկումներ` պարզ կլինի»,- ասաց նա: Հարցին, թե ովքեր են քննարկելու, Սողոմոնյանն ասաց, որ քննարկման կողմ են լինելու դիմող ընկերությունը` «Հայռուսգազարդը» և հանձնաժաղովը:
Հանրությանը, ինչպես ասաց աշխատակազմի ղեկավարը, տեղյակ կպահվի քննարկումների ընթացքին: Դիտարկմանը, թե գազի գինը չորոշված հանձնաժողովն ինչո՞ւ է սեփական նախաձեռնությամբ քննարկում նաև էլեկտրաէներգիայի գինը, Մ. Սողոմոնյանն ասաց, որ փոխկապակցված երևույթներ են, դրա համար էլ քննարկվում է:
Նա այդպես էլ կոնկրետ չպատասխանեց, թե ինչու են վերանայում էլեկտրաէներգիայի գինը, երբ գազի գինը դեռ չի քննարկվել` նշելով, որ լիազորված չէ պատասխանելու: Նա միևնույն ժամանակ առաջարկեց համապատասխան մասնագետի մոտ ուղեկցել 3-4 ակտիվիստի:
Նշենք, որ այս պահին ակտիվիստները հանձնաժողովի ներսում են:
Նախորդող հրապարակում՝ Ա. Ռուստամյան. Բյուջեն ունի գումարներ ու պետք է դրանք ճիշտ օգտագործել