16/05/2013 11:12
Ա. Ռուստամյան. Բյուջեն ունի գումարներ ու պետք է դրանք ճիշտ օգտագործել
Մեր ժողովուրդը ուղղակի չի դիմանա գնային նման պայթյունի: Ես դա ասում եմ ամենայն վստահությամբ, քանի որ գիտեմ, որ աղքատության ցուցանիշը մեր երկրում պաշտոնական թվերից շատ-շատ ավելի բարձր է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Ժամանակին ՀՅԴ-ն առաջարում էր, որ սոցիալական ապահովությունը հիմնվի նվազագույն կենսապահովման զամբյուղի վրա: Չընդունեցին: Մենք միշտ ասում էինք, որ մեր բյուջեն ունի գումարներ ու պետք է դրանք ճիշտ օգտագործել՝ էլի չլսեցին»,- ասաց Ռուստամյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, որ այս դեպքում գազի գինը թելադրվում է այլ պետության կողմից, Ռուստամյանը պատասխանեց, որ դա ապացույցն է այն բանի, որ մեր կառավարությունը ձախողվել է արտաքին քաղաքականության ոլորտում:
«Ասում ենք՝ ռազմավարական գործընկեր, ուրեմն թող որոշակի արտոնություններ պահանջեն, հասկանալով երկրի վիճակը, եթե այդ թվերը պահպանվեն, դա կլինի նույն գնային քաղաքականությունը ինչ եվրոպայում, ուրեմն էլ ի՞նչ ռազմավարական գործընկերոջ մասին է խոսքը»,-ասաց նա:
Արմեն Ռուստամյանը ևս մեկ անգամ նշեց, որ կատարվողը ապացույցն է այն բանի, որ կառավարությունը ձախողվեց թե՛ արտաքին, թե՛ ներքին բոլոր հարցերում:
Նշենք, որ այս պահին կառավարության դիմաց շարունակվում է գազի գնի թանկացման դեմ ակցիան, որին մասնակցում է մոտ 100 քաղաքացի:
Քիչ անց մասնակիցները շարժվելու են դեպի Հանրային ծառայությւոնները կարգավորող հանձաժողով, որն էլ վերջնականապես հաստատելու կամ մերժելու է հարցը:
Նախորդող հրապարակում՝ Գազը կարող է թանկանալ. Հայռուսգազարդը սակագնի վերանայման հայտ է ներկայացրել