17/05/2013 18:53
«Հարսնաքարի» մատուցողը պնդում է, թե տուժողները «նկատելի գինովցած» էին
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ին 6-7 հաճախորդներ 3-4 րոպե հայհոյում էին մատուցող Դավիթ Ադամյանին, ապա ավելի ուշ նրան «բրդելով դուրս հանեցին»: Ըստ վկա, «Հարսնաքարի» մատուցող Գևորգ Միքայելյանի, սրահից դուրս հիշյալ բռնարարքի գործով տուժողները՝ «նկատելի գինովցած» հաճախորդները շրջանի մեջ էին առել մատուցողին ու «քաշքշոցի տիպի խոսում էին»: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար»-ի տարածքում հիշյալ բռնարարքի գործով այսօրվա նիստում ցուցմունք տված մատուցող Գևորգ Միքայելյանն ընդգծեց, որ միջադեպին հիմնականում մասնակցում էր գլխարկով հաճախորդը՝ խոսքը ռազմական բժիշկ, բռնարարքի հետևանքով հետագայում մահացած տուժող Վահե Ավետյանի մասին է: Վկայի ներկայացմամբ, Դավիթ Ադամյանը չէր պատասխանում հայհոյանքներին ու հրմշտոցին՝ հանգիստ կանգնած էր, իսկ խմբին մոտեցած ամբաստանյալ, համալիրի աշխատակից Գարիկ Մարգարյանը փորձում էր հանդարտեցնել ու բաժանել միջադեպի մասնակիցներին:
Վկան հայտնեց, որ կողքի սեղաններից հաճախորդները՝ հատկապես կանայք, բողոքում էին «անշնորհք» պահվածքից, ասելով՝ «փակեք մեր հաշիվները, գնանք»:
Դատարանը բավարարեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի միջնորդությունը իր բանկային հաշվից գումարները տնօրինելու համար իր ազգականին լիազորելու համար թույլտվություն տալու մասին: Տուժող կողմը առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ իրենց կողմից քաղհայց է պատրաստվում, միջնորդության բավարարումը կարող է խոչընդոտել քաղհայցին: Դատարանը, սակայն, գտավ, որ դատարանը լիազորություն չունի սահմանափակելու ամբաստանյալի իրավունքը:
Դատարանը բավարարեց նաև պաշտպանական կողմի միջնորդությունը տուժողների հետ «Հարսնաքար»-ում գտնված, նախաքննության ընթացքում հարցաքննված վկա Դիանա Նավոյանին որպես վկա դատարանում հարցաքննելու մասին՝ այս միջնորդության դեմ չէր առարկել նաև մեղադրանքի կողմը:
Իսկ «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի և այլոց, շուրջ երեք տասնյակ վկաների հարցաքննելու մասին տուժող կողմի միջնորդության առնչությամբ դատարանը կողմին ժամանակ տվեց, որպեսզի նրանք ներկայացնեն հիմնավորումներ, թե մատնանշած վկաների ցուցմունքներով ինչ հանգամանքներ կարող են պարզել: Մեղադրող Արթուր Դավթյանը նշեց, որ տուժող կողմի ներկայացրած վկաների մեծ մասը նախաքննության ընթացքում հարցաքննվել են և գործի համար էական ցուցմունքներ չեն տվել, մյուս մասը հարցաքննվել է միջադեպի այլ հնարավոր մասնակիցներին հայտնաբերելու համար անջատված մասով: Նախաքննական մարմնի թույլտվությամբ, մեղադրող կողմը կարող է հիմնավորումներ ներկայացնել, թե նրանք ինչ հանգամանքների մասին են ցուցմունքներ տվել՝ հետագայում որոշելով նրանց դատարանում հարցաքննելու նպատակահարմարության հարցը:
Մայիսի 21-ի դատական նիստում ցուցմունքներ կտա վկա Դիանա Նավոյանը: