18/05/2013 15:09
Գյուղապետ. Լյուքս Ստեփանյանի հարազատները դեռևս չեն հասել գյուղ
Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Լյուքս Ստեփանյանի հարազատները դեռևս չեն հասել գյուղ, սակայն գիտեն, որ արդեն ճանապարհին են, նրանց հետ է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ։
Այսօր՝ 18.05.2013թ որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Դավիթ Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Մահացած զինվորի հայրն այսօր որոշել է որդու դին դագաղով բերել Երևան և Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնել:
Զինվորի ծնողներին ընդառաջ են գնացել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նախարարի հետ զրույցից հետո մահացած զինվորի ծնողները որոշեցին դիակը տանել գյուղ՝ հուղարկավորության համար: ՊՆ մամուլի խոսնակից տեղեկանում ենք, որ հուղարկավորությանը կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախորդող հրապարակում` Նոր մանրամասներ զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ
ՄԻՊ աշխատակիցները գնում են Լյուքս Ստեփանյանի հարազատներին ընդառաջ