19/05/2013 13:30
Մոտկորի անտառապետի սպանության մեջ կասկածվողը կկալանավորվի
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վանաձորի բնակիչ Տիգրան Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորում:
Ոստիկանությունը նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում։ Aysor.am-ի տեղեկություններով՝ քննչական բաժինը ձեռք է բերել հիմնավոր ապացույցներ, որ մայիսի 15-ին Վանաձոր քաղաքի «Գանձակ» սուպերմարկետի մոտ Մոտկորի նախկին անտառապետ 35-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ վիճաբանության ժամանակ Տ. Մելիքյանը սուր ծակող-կտրող առարկայով հարվածել է Թ. Մաթևոսյանի կրծքավանդակին մի խումբ անձանց ներկայությամբ, ապա դիմել է փախուստի։ Թ. Մաթևոսյանը տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել է։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Թ. Մաթևոսյանն ինքն է դանակով հարվածել իրեն, սակայն դեպքին ականատեսն մարդիկ հարցաքննվել են և պատմել, որ Տ. Մելքիյանն է դանակով հարվածել Թ. Մաթևոսյանին:
Տ. Մելիքյանը հայտնաբերվելու դեպքում կտեղափոխվի ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Նշենք, որ Թ. Մելիքյանը Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին է: Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
Ավելի վաղ «Հայանտատ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վահե Քառյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ճանաչում է և Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանին, և էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մ.-ին և որևէ մեկի հետ կապված խնդիր չի ունեցել:
Նախորդող հրապարակում՝ Դսեղի անտառտնտեսության տնօրենը ճանաչել է Թ. Մաթևոսյանին և նրան սպանողին