20/05/2013 19:38
«Տոնուսի» դեմ բողոքող բնակիչները նորից Ֆինանսների նախարարության դիմաց էին
«Տոնուս» ընկերությանը խաբեության մեջ մեղադրող Դավիթաշեն երկրորդ թաղամասի 46 շենքի հարևանությամբ գտնվող նորակառույցի մի շարք բնակարանների սեփականատերեր այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի առջև՝ պահանջելով տալ իրենց բնակարանները:
Սեփականատերերը պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ և ըստ պայմանագրի` մինչև 2010 թվականի սկզիբը պետք է ստանային բնակարաններ, սակայն մինչև այժմ չեն ստացել, քանի որ իրենց ասվել է, որ ընկերությունը սնանկ է և ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը:
Ակցիա անցկացնողներից տիկին Անուշը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախնական պայմանագրով ինքը շենքի բնակիչ է համարվում 2007թվականից: Նրա խոսքով` բնակարանի գինը վճարել են ամբողջությամբ, բայց պարզվել է, որ ընկերությունը սնակն է, ինքն էլ այստեղ բնակարան չունի: Նա նշեց, որ իրենք չեն հրաժարվում վճարել մնացած փոքր գումարները` բայց որևէ պատկան անձի կողմից պարզաբանում չեն ստացել, թեև ունեն նոտարով կնքված վաճառքի օրինական պայմանագրեր, ու տարիներ շարունակ կանոնավոր վճարել են բնակարանի արժեքը:
Բնակարանների սեփականատերերը պնդում էին, որ չեն նահանջելու և շարունակելու են պայքարել իրենց բնակարանների համար:
Հիշեցնենք, որ «Արցախբանկը» ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ: Մասնավորապես, «Տոնուս» ՍՊ ընկերությունը, որ շինարարական կազմակերպություն է, բնակարանների վաճառքի նախնական պայմանագրեր է կնքել քաղաքացիների հետ, նրանցից ստացել է վճարումներ, և խոստացել է վճարումների դիմաց, իր կողմից կառուցվող շենքում, տրամադրել բնակարաններ:
Իսկ «Արցախբանկ» ՓԲ ընկերության հետ կառուցապատող «Տոնուս» ՍՊ ընկերությունը կնքել է վարկային պայմանագիր` հենց նույն շենքը կառուցելու համար վարկ ստանալու համար, ինչպես նաև գրավի պայմանագիր` ի երաշխավորումն իր վարկային պարտավորությունների: Գրավադրվել է այն շենքը, դեռ կիսակառույց վիճակում, որտեղ «Տոնուս»-ի գնորդներին պետք է հատկացվի բնակարաններ:
Բանկի և «Տոնուս» ՍՊ ընկերության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերը համապատասխանում են գործող ՀՀ օրենսդրությանը, այդ պայմանագրերով կառուցապատողին տրամադրված վարկային միջոցներն ուղղվել են շենքը կառուցելուն:
Նշված պայմանագրերը կնքելիս «Տոնուս» ՍՊ ընկերությունը, հենց պայմանագրերի տեքստում, հավաստիացրել ու պարտավորվել է, որ շենքի նկատմամբ երրորդ անձանց (օրինակ` քաղաքացիների) հավակնություններ ու պահանջներ չկան և այդպիսիք ստեղծելու գործողություններ ընկերությունը, որպես գրավատու, չի ձեռնարկի: Նման իրավիճակում Բանկը որևէ կերպ չէր կարող տեղյակ լինել դեռ չկառուցված բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի, դրանց հիմքով կատարված վճարումների ու դրանցից բխող իրավունքների մասին: Նախնական պայմանագրերը, դրանց հետ կապված վճարումները վերաբերվում են միայն և բացառապես այդ պայմանագրերի կողմերին, հետևաբար, բանկը, որպես վարկատու և գրավառու, գրավի առարկայի հաշվին որևէ պատասխանատվություն չի կարող կրել գրավատուի գործողությունների համար:
Ավելին, Բանկը պարտավոր է հանրային միջոցներով տրամադրված վարկի գումարն ապահովել գրավով` ըստ պայմանագրի պայմանների:
«Արցախբանկ» ՓԲ ընկերությունը որևէ մեկնաբանություն չունի` «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա գնորդների միջև կնքված նախնական պայմանագրերի առնչությամբ, քանի որ դրանք Բանկին չեն վերաբերվում»: