21/05/2013 12:49
Հ. Բագրատյան. Կառավարության ծրագիրը ծրագրի նման չէ
Կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը ծրագրի նման չէ: Այս մասին Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա ասաց, որ չի կարելի գրել՝ դատական համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացնել, քանի որ դատական համակարգը անարդյունավետ լինել չի կարող: «Կառավարության ծրագրում ներկայացնում եք դատական համակարգի, զբոսաշրջության զարգացման մասին, դա կառավարության ծրագիր չէ, դա ծրագրային թեզ չէ»,- ասաց պատգամավորը:
Շարունակելով խոսքը՝ Հ. Բագրատյանը նշեց, թե ներդրումները երկրում մոնոպոլիզացրել են, և «դրսում ապրող որոշ հայեր սկսել են արգելակել այս պետության զարգացումը»:
«Ծրագրի նպատակն այն չէ, որ ասենք՝ զբոսաշրջությունը զարգացնում ենք, լավ հյուրանոցներ ենք կառուցում, պետության խնդիրը չէ հյուրանոց կառուցել»,- ասաց նա:
Կառավարության նախորդ 5 տարվա գործունեությունը, ՀԱԿ պատգամավորի հավաստմամբ, ձախողված է եղել. «225.000 մարդ հեռացել է երկրից, 5 տարում ՀՆԱ-ի աճը կազմել է 6%, այնինչ համաշխարհային միջինը՝ 13% է»: