21/05/2013 16:17
Լ. Ստեփանյանի վրա կրակած զինծառայողը լաց է եղել. Նա չի հիշում` ոնց է կրակել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը ուրբաթ օրը այցելել է Նոյեմբերյանի զորամասի զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանին:
Ե. Թումանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Դ. Խաչատրյանի նկատմամբ նախաքննական մարնի կողմից որևէ բռնություն չի կատարվել:
«Դավիթի հետ զրուցեցինք, նա հավաստիացրեց, որ իր նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի կատարվել: Մենք ինքներս էլ համոզվեցինք, որ նա չի ստում: Նրա ձերբակալման որոշումը ևս համապատասխանում էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին: Միաժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն` Դավիթին հանրային պաշտպանից բացի նաև այլ փաստաբան տրամադրելու վերաբերյալ»,-ասաց Ե. Թումանյանցը:
Նրա խոսքով` Դավիթը շատ ծանր հոգեբականական վիճակում է գտնվել:
«Նա շատ հուզված էր, ասում էր, որ չի հիշում` ինչպես է կրակել, որ երկու զինծառայողներն էլ իր ընկերներ են եղել, իսկ կրակելու պատճառը վիճաբանությունն է եղել: Նա այնքան հուզված էր, որ դեպքը հիշելիս հուզվում էր, լաց լինում: Ասաց, որ կրակելուց հետո վազել է Լյուքս Ստեփանյանի մոտ և այդ տեսարանը անընդհատ իր աչքի առաջ է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:
Նախորդող հրապարակում` Գյուղապետ. Լյուքս Ստեփանյանի հարազատները դեռևս չեն հասել գյուղ
Զորամասում կրակած զինծառայողը ձերբակալված է