30/05/2013 14:29
Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանի կալանքը երկարացվել է
Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` մեղադրանքը կառուցված է անտիմոնի հայտնաբերման փաստի վրա, ինչը, սակայն, չի ապացուցում Ա. Պետրոսյանի մեղավորությունը:
Գ. Հովհաննիսյանի խոսքով` իրենք պատրաստվում են բողոքարկել նաև այս որոշումը, թեև առանձնապես անկնկալիքներ չունեն:
Փաստաբանի կարծիքով` սրանից կարելի է ենթադրել, որ կերկարացնեն նաև Արտակ Պետրոսյանի կալանքի ժամկետը, որովհետև այն արդեն մոտենում է ավարտին:
Անդրադառնալով եղբայրների նկատմամբ ընտրված խափանման միջոցի բողոքարկմանը դատարանում, Գ. Հովհաննիսյանը նշեց՝ վստահ է, որ բողոքը հետ կվերադարձնեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով՝ ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Արտակ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին կետի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով) հատկանիշներով:
Նախորդող հրապարակում` Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներից մեկը ազատ է արձակվել
Արայիկ, Արտակ Պետրոսյանների հայրը. Արայիկը զենք չուներ և անգամ բռնել չգիտեր
Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվողի եղբորը նորից ձերբակալել են