30/05/2013 12:01
Զինվորի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին
2012թ. սեպտեմբերի 6-ին ԼՂՀ զորամասերից մեկում մահացած զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 20-ին:
Զինծառայողի մայրը` Նվարդ Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր որդու մահվան դեպքի մասին ՊՆ-ը պաշտոնական որևէ հաղորդագրության մեջ չի նշվել և ինքը չի հասկանում` ինչո՞ւ:
Դատաբժշկական փորձաքննության համաձայն` Հ Կալեյանը իրեն ամրակցված գնդացիրից որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել:
Ն. Պետրոսյանի խոսքով` ինքը որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 4-ին և որևէ դժգոհություն կամ տարօրինակ բան չի նկատել:
«Ինքը դժվարությամբ մեծացրած, ամեն դժվարության դիմացող տղա էր: Ես ճանաչում եմ իմ որդուն, նա չէր կարող իր վրա կրակել: Ասում են, իբր Հայկը կրակել է, որովհետև չի ցանկացել ծառայել, սակայն նա երբեք չի դժգոհել ծառայության համար»,-ասաց նա:
Ն. Պետրոսյանի խոսքով` ըստ մեղադրանքի, որդին իրեն կրակել է հրապարակային, այլ զինծառայողների ներկայությամբ, երբ նրան ծաղրել են:
«Հրամանատարն է կողքին եղել, ինչո՞ւ չի միջամտել, թողել են կրակի: Հայկից բացի 25 մատնահետք կա հրացանի վրա: Հենց հրամանատարն էլ մեղավոր է նրա սպանության համար: Ես բազմաթիվ նամակներ եմ գրել Սեյրան Օհանյանին, մյուսներին, ոչ մի արդյունք, չգիտեմ, էլ ում դիմեմ: Մեզ ոչինչ չէին հայտնում, քննիչը փոխվեց, նոր իմացանք, որ 5 հոգու են դատում գործով: Հիմա էլ դատն է սկսվել, բայց ես ինչ իմանամ, ու՞մ են դատում, միգուցե, իրենք չեն իրական մեղավորը»,-ասաց Ն. Պետրոսյանը:
Նշենք, որ այս գործով Ս. Դոմբրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորմասի զինծառայող, պարբերաբար, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, վաշտի համածառայակիցների ներկայությամբ զինծառայողներ Ն. Սերոբյանի, Ա. Երեմյանի հետ միասին ծաղրուծանակի է ենթարկել զինծառայող Հ.Կալեյանին, նրա կողմից նման վերաբերմունքի համար նկատողություն անելուց հետո քաշքշել վերջինիս:
Բացի այդ, իրեն շարքից ուշանալու համար դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ պետ հանդիսացող լեյտենանտ Ս.Մովսիսյանի հետ և բռնություն գործադրել նրա նկատմամբ` իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ա.Մովսիսյանին` պատճառելով նրա առողջությանը միջին ծանրության վնասվածքներ` առողջության տևական քայքայումով:
Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Թիվ N զորամասի պաշտոնատար անձ, կոչումով ենթասպա, իր նկատմամբ ստորադրյալ, ժամկետային զինծառայող Հ. Կալեյանի կողմից զինվորական ծառայության պարտականությունները թերի կատարելու կապակցությամբ զինծառայողների ներկայությամբ վիրավորանք է հասցրել վերջինիս, անպարկեշտ ձևով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:
Ն. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Թիվ N զորամասի զինծառայող, վիճաբանել է շարքային Հ.Կալեյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով հրել է, քաշքշել: