31/05/2013 12:57
Հունիսի 4-ին կբացվի Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը
Հունիսի 4-ին` ժամը 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կտևի 3 ամիս: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի կայքից:
Ազգային պատկերասրահից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ա. Գյուլերը արդեն Հայաստանում է և ներկա է գտնվելու ցուցահանդեսի բացմանը:
Արա Գյուլերը ծնվել է Ստամբուլում, հայ ընտանիքում։ Նա հայտնի է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։
Ա. Գյուլերը 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:
Թղթակցել է ամերիկյան «Լայֆ Թայմ» հանդեսին, ֆրանսիական «Փարիզ Մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի Թայմս» պարբերականներին:
1961թ. գլխավորել է «Հայաթ» թերթի լուսանկարչական բաժինը:
1970-ականներին Ա. Գյուլերը ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք:
1975թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը:
2000թ. Թուրքիայում անցկացված հարցման համաձայն` նա հազարամյակի 10 մեծագույն թուրքերից մեկն է համարվում (թուրքական օրենսդրության համաձայն` Թուրքիայի բոլոր քաղաքացիները «թուրք» են համարվում):
Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Նախորդող հրապարակում` Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ. Սա տարօրինակ երկիր է, տականքներ շատ կան