01/06/2013 14:25
Ա.Վարդանյանի փաստաբանը ոչ թե չի հասցրել, այլ չի բողոքարկել կալանքի որոշումը
Մայիսի 18-ին ձերբակալված Արկադի Վարդանյանի պաշտպանությունը այլևս չի իրականացնելու փաստաբան Նարինե Ռշտունին:
Ն. Ռշտունին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ոչ թե չի հասցրել, այլ չի բողոքարկել Ա. Վարդանյանին կալանավորելու որոշումը, սակայն հրաժարվեց մեկնաբանել թե ինչու: Նա նաև չմեկնաբանեց, արդյոք ինքն է հրաժարվել, թե Ա. Վարդանյանն է հրաժարվել իր ծառայություններից:
Նշենք, որ Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին, Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, նրանք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):
Նախորդող հրապարակում` ԱԱԾ. Ձերբակալվել է քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ թունավորման փորձի համար